Փորձագետներ. Ադրբեջանը նպաստում է տարածաշրջանում ծայրահեղական տենդենցների մեծացմանը
Ադրբեջանը չի խուսափում տարածաշրջանում արմատական տենդենցներից, այլ հակառակը` ավելի է նպաստում: Սիրիայում կռվող և զոհվող ադրբեջանցի ջիհադականների քանակը գնալով շատանում է: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանում իսլամիստական շարժումների ակտիվությանը և Սիրիայում մարտական գործողություններին ադրբեջանցիների մասնակցությանը` նման տեսակետ հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նա նշեց, որ Սիրիայում կռվող ադրբեջանցիները որոշակիորեն ուղղորդվում են իսլամիստական կազմակերպությունների կողմից, և անգամ ադրբեջանական մամուլում հայտնվում են տեղեկություններ, որ նրանք ֆինանսական և այլ հովանավորություն են ստանում Ադրբեջանի պաշտոնյաների կողմից:
«Ամեն ինչ վկայում է, որ Ադրբեջանում ստեղծվել է մի կազմակերպություն՝ տարածաշրջանում իր ճյուղավորումներով, որը ապահովում է ծայրահեղականների ակտիվությունը տարածաշրջանում: Տարածաշրջանում գործող խողովակներով ադրբեջանցիները գնում կռվում են Սիրիայում և վերադառնում Ադրբեջան»,- ասաց արաբագետը:
Իր հերթին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ ծայրահեղ իսլամական հոսանքները Ադրբեջանում բավական երկար ժամանակ գործունեություն են ծավալում, խորը արմատներ են գցել Ադրբեջանի պետական և այլ կառույցներում, իշխանական ու ֆինանսական լուրջ աջակցություն են ստանում, ունեն իրենց մարդկանց հիմնականում պետական միջին օղակներում: Նա հետաքրքրական համարեց, որ այդ մասին Ադրբեջանում սկսել են արդեն բացահայտ խոսել:
«Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անգամ վերջերս բացահայտ խոսել է այդ վտանգի մասին, որ երիտասարդների ուղեղը լվանում են, նրանք էլ գնում Սիրիա իզուր զոհվում»,- ասաց Ս. Ասատրյանը:
Հարցին, թե հնչո՞ւմ են կոնկրետ անուններ, թե որ պաշտոնյաներն են հովանովորում Սիրիայում կռվող ադրբեջանցիներին, Ս. Ասատրյանը պատասխանեց, որ շոշափվում է Բաքվի քաղաքապետի որդու անունը, ով, ըստ տարբեր տեղեկությունների, հարում է ծայրահեղ իսլամիստական հոսանքներին:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին կրակոցներին և լարվածության աճին՝ ադրբեջանագետը փաստեց, որ մշտապես կարևոր պետական այցերի, նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումներից առաջ կամ հետո Ադրբեջանը դիմում է սահմանին նման սադրանքների, ինչը սովորական երևույթ է դարձել: Ս. Ասատրյանը նաև ընդգծեց, որ հաճախ այդ սադրանքները ներքին կարևոր հարցերից ադրբեջանական հասարակությանը ուշադրությունը շեղելու դեր են խաղում:
Փորձագետները չբացառեցին, որ Սիրիայում կռվող ադրբեջանցի գրոհայինները, որոնք առանց որևէ խոչընդոտի վերադառնում են Ադրբեջան, կարող են օգտագործվել Արցախի և Հայաստանի դեմ ու ինչ-որ չափով փոխարինել այլազգի վարձկաններին, որոնց ծառայություններից Ադրբեջանը շատ է օգտվել: Այլ կերպ ասած, Ադրբեջանը Սիրիայում պատրաստում է Արցախի և Հայաստանի դեմ կռվող զինվորների:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան