Իսոն չի ընդունում մեղադրանքը
Քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում օրերս ձերբակալված և կալանավորված Իսրայել Սարգսյանը (Իսո) չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Իսոյի փաստաբան Գայանե Գալոյանը:
Նկատենք, որ ավելի վաղ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Իսոյի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:
Փաստաբանը հրաժարվեց ասել, թե ինչ քննչական գործողություններ են կատարվել իր պաշտպանյալի հետ, ինչ ապօրինի զենքի մասին է խոսքը և արդյոք դա կապ ունի Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում հայտնաբերված զենք-զինամթերքի հետ` պատճառաբանելով, որ նախաքննական գաղտնիք հրապարակելու իրավունք չունի:
«Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու հոդվածով, եթե Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված լիներ, ապա սպանության հոդված կդնեին նրա վրա»,- նկատեց փաստաբանը:
Նաև ասաց, որ դեռ չի որոշել` Սարգսյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկի՞ Վերաքննիչ դատարանում, թե ոչ:
Հիշեցնենք` Արթուր Սաֆարյանը հայտնի քրեական հեղինակություն համարվող և այժմ անազատության մեջ գտնվող Կայարանցի Թևոսիկի եղբայրն էր: Նա սպանվել էր հունվարի 27-ին: Որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխված Արթուր Սաֆարյանը, սակայն, ստացած վնասվածքներից մահացել էր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից, հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ՔՀԳՎ բերման էին ենթարկել 45-ամյա Իսրայել Սարգսյանին: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները