Հաքքին.ազ. Բաքվում բնակելի տների քանդման աշխատանքները կարող են սոցիալական բողոքի պատճառ դառնալ
Բաքվում բնակելի տները քանդելու համար ընդգրկուն նախագիծ է պատրաստվում: Այս մասին ասվում է «Հաքքին.ազ» ադրբեջանական լրատվական կայքում: Ըստ Բաքվի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Զուլֆալի Ւսմայիլովի ` նրանք արդեն հստակ գիտեն, թե քանի տուն է քանդվելու:
«Արդեն սկսվել է քանդման աշխատանքների ֆինանսավորումը: Մի վայրում արդեն սկսել են քանդել, իսկ մեկ այլ տեղ արդեն փոխհատուցում են տալիս: Ընդհանուր առմամբ Յասամալայի շրջանում ավելի քան 10 հազար տուն կքանդվի»,- ասել է Իսմայիլովը:
Բացի այդ, մոտ ժամանակներս Բաքվում սկսվելու են նոր խոշոր նախագծի շինարարական աշխատանքներ: Իտալացի ճարտարապետների և դիզայներների մի խումբ մեծ ազգային պարկ ստեղծելու նախագիծ է մշակել: Այս մասին «Հաքքին.ազ»-ին ասել է հայտնի իտալացի լրագրող Սանդրո Տետին, ում կինը ևս Բաքու հրավիրված ճարտարապետների շարքում է: Ըստ նրա ` մարտ ամսից մի շարք փողոցներում գտնվող տների քանդման աշխատանքները կսկսվեն. աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարվա վերջ:
«Այդ փողոցների վրա գտնվող բոլոր սեփական տները կքանդվեն: Անցած շաբաթվանից սկսած գործադիր մարմնի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել այդ տների բնակիչների և սեփականատերերի հետ: Ինչպես եղել էր հայտնի «Ձմեռային բուլվարի» տները քանդելու սկանդալային դեպքի ժամանակ, այնպես էլ հիմա այս թաղամասի բնակիչները փոխհատուցվում են բնակելի տարածքի քառակուսի մետրի համար 1500 մանաթի (մոտ 1500 եվրո) չափով»,- ասվում է նյութում:
Սակայն, ինչպես ասվում է հոդվածում, այդ փողոցների վրա գտնվում են Բաքվի հայտնի գետնախորշերը, որտեղ ապրում է 10 հազարից ավել մարդ: Դա նշանակում է, որ այս տների քանդման աշխատանքները կարող են սոցիալական բողոքի պատճառ դառնալ, ինչպես եղավ «Ձմեռային բուլվարի» դեպքում:
«Խնդիրն այն է, որ ի տարբերություն «Ձմեռային բուլվարի»` այս թաղամասում շատ են մարդիկ, ում տների մակերեսը կազմում է 20-30 քմ., որի պատճառով նրանք չեն կարողանա մայրաքաղաքում տուն ձեռք բերել: Ենթադրենք, որ 4 հոգուց կազմված մի ընտանիք ապրում է 30 քմ. մակերես ունեցող մի բնակարանում: Այս ընտանիքը կփոխհատուցվի 45 հազար մանաթի (45 հազար եվրո) չափով և չի կարողանա այդ գնով բնակարան գնել Բաքվի և ոչ մի թաղամասում»,- ասվում է հոդվածում:
«Այսպիսով, ինչպես Եվրատեսիլի նախօրեին եղավ, այնպես էլ Եվրոպական օլիմպիական խաղերից առաջ Բաքվում տների քանդման հետ կապված նույնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, ինչն էլ կարող է սոցիալական նոր դժգոհությունների և բողոքի ակցիաների պատճառ դառնալ»,- ամփոփում է հեղինակը `նշելով, որ 2012թ.-ի իրավիճակը կարող է կրկնվել, երբ «Ձմեռային բուլվարի» նախագծի իրականացումը քննադատության արժանացավ ադրբեջանական, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան