ԱԺ նախագահը Իրանի դեսպանատանը մասնակցել է Իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված ընդունելությանը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունում Իսլամական հեղափոխության 35-րդ ամյակի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին իր ելույթում նշել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը՝ հարաբերությունների զարգացումն է աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ:
Դեսպան Ռեիսին ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակը, իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին և հաջողություններ մաղթել ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին:
Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության 35-րդ ամյակի առթիվ, մաղթել խաղաղ ապագա, բարեկեցություն և առաջընթաց:
«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բազմադարյա հարաբերությունները»,-նշել է ԱԺ նախագահն ու ավելացրել. «Հայաստանի և Իրանի միջև առկա է սերտ տնտեսական համագործակցություն. Երկկողմ փոխհարաբերությունները զարգանում են էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում»: