Ալբերտ Ազարյանը 85 տարեկան է
Բոլորեց հայ հանճարեղ մարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան 85-ամյակը: Ծնվել է 1929 թ. փետրվարի 11-ին: 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան:
Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր: Թեև բավական ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ, բայց չափազանց կարճ ժամանակում առաջատար դարձավ Հայաստանում և ԽՍՀՄ-ում:
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանն ավելի քան 15 տարի մնաց անպարտելի: Նա հայաստանցի միակ մարդն է , ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն (օղակներ, զուգափայտ, պտտաձող մրցաձևերում): Եվրոպայի կրկնակի և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է: Ա. Ազարյանn աշխարհի միակ հայ մարզիկն է, ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը:
Մեր ժողովուրդն այսօր Հայաստանում է տոնում հանճարեղ մարմնամարզիկի 85 –ամյակը: Բայց ազարյանական լեգենդը ճյուղավորվել, տարածվել է աշխարհով մեկ: Հենց այսօր` փետրվարի 11-ին, ԱՄՆ-ում Ալբերտ Ազարյանի անվան մրցանակներն են վիճարկում միջազգային խոշոր մրցաշարի մասնակիցները, որոնց պայքարի է հրավիրել հենց Ալբերտ Ազարյանի որդին` մոսկովյան օլիմպիական խաղերի չեմպիոն Էդվարդ Ազարյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին ու կոչումներին: Այդ ամենով հանդերձ` նա երբևէ չի տառապել աստղային հիվանդությամբ, իրեն առաջին պլան երբեք չի մղել, չի ձգտել պաշտոնների ու մնացել է նույն համեստ, հասարակ հայ մարդը:
Հենց այս հատկանիշներով է մշտապես վեր բարձացել մեր հոբելյարը, ում համար կարևորն օրնիբուն իր հիմնադրած մարզադպրոցում լինելն է, փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը, առնական տղամարդ ու հայ քաջարի զինվոր դարձնելը:
Ծնունդդ շնորհավոր, Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, մեր հանճարեղ վարպետ: