Հայտնի են դարձել «Beeline Scholarship» ծրագրի հաղթողները
ԿԳ նախարարության ներկայացուցիչներից ու անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը «Beeline Scholarship» ծրագրի երկրորդ փուլում հարցազրույցների ընթացքում 178 ուսանողից ընտրել է 95-ին: Նրանք արժանացել են «ԱրմենՏել» ընկերության կողմից տրամադրվող կրթաթոշակներին։ Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Առավելագույն թվով կրթաթոշակների արժանացել են Երևանի պետական համալսարանի ուսանողները: Ընդհանուր առմամբ, նրանք կազմում էին հաղթողների 30%, որոնց հաջորդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այս համալսարանից կրթաթոշակ կստանա ծրագրի շրջանակում հաղթող ճանաչված ուսանողների 12.5%: Ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:
Կրթաթոշակների համար պայքարում էին նաև մարզերում գործող համալսարանների ուսանողները: Այստեղ առաջատարն էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղից երեք ուսանող կստանա կրթաթոշակ:
Հաղթող մասնակիցների շրջանում տոկոսային հարաբերությամբ գերիշխում են աղջիկները` կազմելով կրթաթոշակին արժանացած ուսանողների 70%–ը։
«Beeline Scholarship» ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ երիտասարդները տաղանդաշատ են և խելացի։ Վստահ եմ, որ նրանց լավ ապագա է սպասվում, քանի որ այս երիտասարդներն իրենց ստեղծարար և նորարար մտածողությամբ հիացրեցին հանձնաժողովի բոլոր անդամներին և ապացուցեցին, որ կարողանում եմ քայլել ժամանակակից աշխարհի պահանջներին ընդառաջ։ «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերը հետապնդում են մեկ հիմնական նպատակ՝ դարձնել մարդկանց կյանքն ավելի լավ, և այս ծրագիրը համարում եմ այդ նպատակին հասնելու լավագույն դրսևորումներից մեկը»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեզ համար ուրախալի էր տեսնել, թե որքան հետաքրքրական ու նորարար են ուսանողների առաջարկները: Հանձնաժողովը մի քանի օր շարունակ լսում էր ուսանողներին և ընտրել է լավագույններին: Հուսով եմ, նրանք կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Նշենք, որ «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող ուսանողներին: «Beeline Scholarship» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 568 ուսանող:
Կրթաթոշակից բացի, հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին