«ԱրմԹաբ»-ի արտադրությունը կսկսվի այս տարվա մայիսի վերջին
Հայկական առաջին պլանշետի` «ԱրմԹաբ»-ի արտադրությունը կսկսվի այս տարվա մայիսի վերջին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը` ներկայացնելով «Արմթաբի» որակն ու հնարավորությունները, նրա ստեղծման եղանակները, ինչպես նաև հայկական շուկայում հայտնվելու պատճառները:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը Ազատ տնտեսական գոտում հատկացրել է տարածք, որ սակայն դեռ պետք է վերանորոգվի, որպեսզի կարողանան արտադրություն կազմակերպել: Կարևոր է նաև իրականացնել հատակի էլեկտրամագնիսական դաշտի չեզոքացման աշխատանքներ, ինչը բավականին թանկ հաճույք է, քանի որ Հայաստանում նման հատակներ չեն պատրաստվում:
«Այդ հարցի լուծումից հետ կսկսենք մնացած աշխատանքները: Հույս ունենք, որ մայիսի վերջին կունենանք մասսայական արտադրություն»,- ավելացրեց Վ.Շաքարյանը:
Ըստ նրա` այսօր բանակցություններ են ընթանում 7 երկրների ներկայացուցիչների հետ` կապված հայկական պլանշետի արտահանման հետ, որպեսզի պարզ լինի, թե ԱրմԹաբի արտահանման քանակը որքան կկազմի:
«Բայց կարող ենք ասել, որ արդեն ունենք մոտ 1050 հատ պլանշետի պատվեր և արտադրության դեպքում կարող էինք այս իսկ վաճառքը կազմակերպել»,- հայտնեց նա:
Նաև նշեց, որ ԱրմԹաբի նախագծումն ապահովում է Minno Tablet ընկերությունը, որը գտնվում է ԱՄՆ-ում: Ըստ Վ. Շաքարյանի` Minno-ի արտադրությունը կատարվում է Չինաստանում, իսկ նախագծումը` ԱՄՆ-ում և Հայաստանում:
«Ամեն անգամ արտադրության ժամանակ հայ մասնագետներին ուղարկում ենք Չինաստան, որպեսզի ապահովեն համապատասխան որակ, ինչը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Հիմա որոշում է ընդունվել արտադրական մասը Չինաստանից տեղափոխել Հայաստան»,- բացատրեց Վ. Շաքարյանը:
Ըստ նրա` միևնույն ժամանակ որոշում է ընդունվել ստեղծել ԱրմԹաբը, որը կարտահանի ոչ թե Minno այլ ԱրմԹաբ անունով:
«Այսօր ժամանակն է, որ մենք բոլորս գնահատենք Հայաստանում եղած ինտելեկտուալ կարողությունները: Ամբողջ աշխարհը պետք է իմանա, թե մենք ինչպիսի կարողություններ ունենք»,- ասաց Վ.Շաքարյանը:
Արտադրական մասը տեղափոխելով Հայաստան, ըստ նրա, հարց է բարձրացվեց, թե արդյոք Չինաստանում ավելի էժան չէ արտադրություն կազմակերպելը, քան Հայստանում:
«Ւհարկե էժան է, այնտեղ 1 մլրդ մարդ է ապրում և աշխատուժն էլ էժան, բայց մեծ ծախսեր ենք անում մեր ինժեներներին Չինաստան ուղարկելով, ուստի նպատակահարմար է այդ ծախսերն անել Հայաստանում` դրանով իսկ ապահովել արտադրությունը Հայաստանում»,- նշեց Վ.Շաքարյանը` հավելելով, որ այդ նպատակով էլ ստեղծվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիան:
Նշենք, որ հայկական պլանշետների իրացման և արտահանման աշխատանքների կազմակերպումը կիրականացնի ամերիկյան Minno Tablet ընկերությունը: Հիշեցնենք, որ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է Minno ընկերության կողմից` Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները