Սահմանադրական դատարանը մերժել է Արծվիկ Մինասյանի միջնորդությունը
Սահմանադրական դատարանը այսօր կայացած աշխատակարգային որոշմամբ ուժի մեջ է թողել հունվարի 24-ին կայացրած աշխատակարգային որոշումը, որով, փաստորեն, մերժվել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջնորդությունը:
ՍԴ-ն այսօրվա որոշման մեջ նշել է նաև, որ պատգամավորի միջնորդության մեջ բարձրացված այլ հարցերին, որոնք վերաբերում են ներկա գործընթացների հետագա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի և պետական կառավարման տարբեր մարմինների կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշման կատարման վիճակին, անդրադառնալ գործի դատաքննության շրջանակներում:
Հիշեցնենք` հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը:
«Նկատի առնելով 2014 թվականին նշանակված դատաքննության անաչառ ընթացքն ապահովելու անհրաժեշտությունն ու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման էությունը, տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից և հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով խնդրում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը և մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:
Մասնավորապես, այն անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար» ,-իր միջնորդության մեջ նշել էր Արծվիկ Մինասյանը: