Պետք է զարկերակային գերճնշում ունեցողներին ևս ապահովենք անվճար դեղորայքով. նախարար
«Ենթադրվում է, որ 2014-2019թթ. ընթացքում իրականացվելիք ոչ վարակիչ երեք հիվանդությունների` սրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագրերի իրականացման արդյունքում մեծ թվով շաքարային դիաբետի դեպքեր կհայտնաբերենք: Նրանց ևս կապահովենք կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով»։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
«Մենք պետք է հնարավորություններ գտնենք զարկերակային գերճնշում ունեցողներին ևս ապահովել ճնշումը կարգավորող անվճար դեղորայքով։ Որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ միայն այդ ճանապարհով ինսուլտների դեպքերը կարելի է կրճատել 30 տոկոսով»,-ասել է նախարարը։
Հանդիպման ընթացքում զեկուցվել է 2014-2019թթ. ընթացքում իրականացվելիք ոչ վարակիչ երեք հիվանդությունների` սրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագրերի նախապատրաստության ընթացքի մասին։ Աշխատանքներ կտարվեն պոլիկլինիկական համակարգի գործիքային համալրման, բուժանձնակազմի ուսուցման, ինչպես նաև ազգաբնակչության իրազեկման ուղղությամբ։ Կարևորելով այս ծրագիրը, նախարար Դումանյանը շեշտել է, որ այն լավ մեկնարկ կարող է դառնալ սկրինինգային հետագա ծրագրերի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա