Ինչպես է «ԳազպրոմԱրմենիա»-ն գցում գազի կալորիականությունը. Բացահայտում
«Էս տարի գազը էն չի». Այս բովանդակությամբ ահազանգեր է ստացել «Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը գազի վառարաններ, անհատական ջեռուցման գազօջախներ օգտագործող քաղաքացիներից:
Շարժման հիմնադիրն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բողոքների հետքերով գնացել են, «ԳազպրոմԱրմենիա»-ի ներսում մարդ են գտել, որը համագործակցել է իրենց հետ` ներկայացնելով գաղտնիքներ:
«Մենք պարզեցինք, որ ձեռք են բերել մի հրաշք սարք, որի միջոցով կարողանում են գցել գազի կալորիականությունը, այսինքն` հասարակ լեզվով ասած, մեթանի հետ ազոտ են խառնել», -հայտարարեց Մարտիրոսյանը:
Նա ցուցադրեց լուսանկարներ, որոնցում պատկերված են ազոտային կայաններ և ասաց, որ «ԳազպրոմԱրմենիա»-ն այդպիսի 3 կայան է ձեռք բերել:
«Այս մասին մեզ ասել է ներսի մարդ («ԳազպրոմԱրմենիա»-ի աշխատակից), որը համագործակցել է մեզ հետ և ասել, որ այ սրա միջոցով ռեզերվուարներում, այսինքն, ցածր ճնշման տակ, իրենք գցում են գազի կալորիականությունը»,- ներկայացրեց Մարտիրոսյանը` ասելով, որ նման բան արվել է օրինակ, Ուկրաինայում:
Նրա խոսքով, այդ սարքավորումը օդի թթվածնից 3 փուլով ստանում է մաքուր ազոտ, հետևաբար մյուս կողմի պնդումները, թե իրենք ազոտ չեն ստանում, իրականությանը չեն համապատասխանում: Նա հստակեցրեց, որ նկարում ցուցադրված ազոտային կայանները տեղադրված են այն «ԳազպրոմԱրմենիա»-ի այն հատվածներում, որտեղ ցածր կալորիականության միջոցով հնարավորություն ունեն փոխել գազի որակը:
«Այսինքն` X քանակի մեթան կամ բարձր որակի գազ ունենալու պարագայում, իրենք ունենում են ցածր որակի, բայց մեծ քանակությամբ գազ», -բացատրեց նա:
Բանախոսն ասաց, որ ոչնչից և ոչ մեկից չի վախենում, թող իրենց դատի տան: «Մի ամբողջ ազգ սկսած նոյեմբերի վերջից ու դեկտեմբերին սառում էր, բոլորն էին բողոքում գազի որակից, տնտեսուհիներն էին բողոքում, որ սուրճ չեն կարում ժամանակին եփել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները