Իսոյի և Տիգրան Ասատրյանի մեղադրանքը խստացվել է
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը խստացվել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել):
Ըստ նույն աղբյուրի, Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):
Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը կալանավորված են:
Նկատենք, որ նրանց երկուսի նկատմամբ նախկինում առաջադրվել էր մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Ապօրինի զենք կրելը, պահելը»:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Իսրայել Սարգսյանի (Իսո) փաստաբան Գայանե Գալոյանն ասել էր, որ իր պաշտպանյալը համառորեն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նախորդող հրապարակումներ`
Իսոն շարունակում է չընդունել մեղադրանքը
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարողին Իսոն հյուրանոցում սպանել է. Բացահայտում
Իսոն չի ընդունում մեղադրանքը