Լևոն Հովսեփյան. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նորմը պետք է կրի համաեվրոպական բնույթ
«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի դեկտեմբերյան այցը ներկայացվում էր որպես թուրքական նախաձեռնություն և թուրքական կողմը ակնկալիքներ ուներ, որ այդ այցը կարող է բեկումնային լինել: Սակայն հայկական կողմի դիրքորոշուը ցույց տվեց, որ նման մոտեցումներով, նման բազայով Թուրքիայի հետ բանակցային սեղանի շուրջ նստելը անիմաստ է»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին 2015թ.-ին ընդառաջ` ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Նա նշեց, որ Դավութօղլուն Հայաստանից հեռացավ ակնկալիքները չարդարացած:
«Առաջիկայում հայ-թուրքական զարգացումներում առկա է լինելու երկու մոտեցում: Առաջինը՝ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները բավականին լարված բնույթ են ստացել և Թուրքիայի իշխանությունները կանգնած են լուրջ խնդիրների առաջ: Արտաքին քաղաքական օրակարգը Թուրքիայում որոշվում է նաև ներքաղաքական զարգացումներով»,-ասաց Լ.Հովսեփյանը:
Նրա խոսքերով, առաջիկայում Թուրքիայում տեղական և հետագայում նաև նախագահական ընտրություններ են և Էրդողանին բավականին դժվար ժամանակներ են սպասվում, իսկ Թուրքիայի վարչապետին բավականին մեծ մարտահրավերներ են նետված:
«Երկրորդ մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված պայմանավորված են 2015թ.-ով: 2015թ.-ին ընդառաջ թուրքական իշխանությունները կարող են որոշակի նախաձեռնողականություն ցուցաբերել, սակայն դրանք ավելի շատ կլինեն մարտավարական քայլեր: Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման իմաստով հայ-թուրքական հարաբերություններում որևէ նորություն չկա»,-նշեց թուրքագետը:
Լ.Հովսեփյանը, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիայի սեփական պատմության հետ առնչվելու Էրդողանին ուղղված հայտարարությանը, նշեց, որ այդ տեղեկատվության սկզբնաաղբյուրը «Hurriyet» պարբերականն է:
«Պաշտոնական որևէ հայտարարություն այդ թեմայով չեղավ, այդպիսի հայտարարություն չհնչեց նաև Մերկել-Էրդողան համատեղ ասուլիսի ժամանակ: Միայն մի քանի օր անց «Hurriyet»-ը իր մոտ կանգնած աղբյուրներին հղում կատարելով տարածեց այդ հայտարարությունը»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Թուրքագետը նշեց, որ Մերկելի հայտարարությունը պետք է դիտարկել Թուրքիային ուղղված համաեվրոպական ընդհանուր դիրքորոշման համատեքստում:
«Մերկելի հայտարարությունը Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ դիրքորոշման դրևսորումն է, պայմանավորված նաև Թուրքիայի ներքաղաքական զարգացումներում Էրդողանի ավտորիտար քայլերի հետ ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ Թուրքիային ուղղված բացասական գնահատականների հետ»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Նա նշեց, որ Եվրոպան կարողանում է օգտագործել Հայոց ցեղասպանության թեման Թուրքիային ցավոտ հարված ուղղելու համար:
«2015թ.-ին ընդառաջ Եվրոպան պետք է քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: Այն պետք է լինի ոչ թե ինչ-որ կոնկրետ երկրի, այլ համաեվրոպական իրավական նորմերի բաղկացուցիչ մաս»,-նշեց Լ.Հովսեփյանը:
Բանախոսը հավելեց, որ ԵՄ-ի տիրույթում դա պետք է ամրագրվի որպես համաեվրոպական իրավական նորմ և արժեհամակարգի բաղկացուցիչ մաս:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում