ԱՆ. Ջրծաղիկի դեպքերի քանակն անհանգստացնող չէ
Հանրապետությունում գրանցված ջրծաղիկի դեպքերի քանակն անհանգստացնող չէ: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
«Սովորական սեզոնային շարժն ենք տեսնում, արդեն իջեցում է նկատվում: Գարնանը բավական իջնում է, ամռանը հատուկենտ դեպքեր ենք ունենում: Ջրծաղիկի դեպքեր անընդհատ են լինում, ամռանը այդ մեկական դեպքերը որ լինում են, նպաստում են, որ աշնանը, դասերի սկսվելուց հետո, տարածվի հիվանդությունը»,- ասաց նա:
Առողջապահության նախարարությունը շաբաթական մոնիթորինգ է անում: ԱՆ ներկայացուցչի խոսքով, Կոտայքի մարզում, օրինակ, անցյալ շաբաթ 20 դեպք են արձանագրել և հիմա արդեն իջեցում է գնում:
«Անցյալ շաբաթ ամենաշատը մարզերից Արմավիրում է եղել` 21 դեպք, մյուս մարզերում բարձր չէ թիվը` 2, 1, 9: Նույնիսկ կոլեկտիվներում` դպրոց-մանկապարտեզներում, մեկական դեպքեր ենք ունենում: Ընդհանրապես մարզերում ցածր է հիվանդացությունը, քանի, որ այնտեղ ցածր դասարաններում աշակերտների թիվը փոքր է, իսկ Երևանում` հակառակը: Մայրաքաղաքում արձանագրված դեպքերը ևս շատ քիչ են»,- ասաց բժիշկը:
Լուսինե Պարոնյանը հավելեց, որ հոկտեմբերին մոտավորապես սկսվում է բարձրանալ ջրծաղիկով հիվանդացությունը: Որպես օդակաթիլային վարակ, այն ունի սեզոնայնություն: Ամենաբարձրը միշտ դեկտեմբերին է լինում: