Օպերայի աշխատակիցների աշխատավարձերի պահումները թատրոնում են. Կամո Հովհաննիսյան (Տեսանյութ)
«Ես այնքան ազդված եմ երեկ տեղի ունեցածից. այս տարիներին եղել են դժվարություններ, բայց որևէ մեկը չի իմացել, ինչպես ասում են, տանից դուրս չի եկել խնդիրը», -քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած «Անուշ» օպերայի ներկայացման տապալմանը և աշխատակիցների բողոքի ցույցին:
Հիշեցնենք` աշխատակիցները երեկ երեկոյան դուրս էին եկել բողոքի` պահանջելու իրենց աշխատավարձից պարտադիր բաղադրիչի շրջանակներում 5 տոկոս պահումները չանել:
Ասուլիսում Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ժողով, իրենք բացատարական աշխատանքներ են տարել կոլեկտիվի հետ և հույս հայտնեց, որ նրանք կհասկանան իրավիճակը:
Կամո Հովհաննիսյանը նշեց, որ աշխատավարձերից պահումները արվել են, բայց դրանք չեն փոխանցվել ֆոնդերի կառավարչին և գտնվում են թատրոնում: Նրա հավաստմամբ, միայն Սահմանադրական դատարանի` մարտի 28-ին կայանալիք նիստում կայացրած որոշումից հետո իրենք կորոշեն իրենց անելիքը:
Նա նաև նկատեց, որ ստեղծագործական կոլեկտիվների մեծ մասի աշխատավարձերը 20 տոկոսով բարձրացել են, սակայն փոխանցումները արվելու են փետրվարից, քանի որ հաշվարկների հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել և փոխանցումը ձգձգվել է:
Ըստ Հովհաննիսյանի, ինքը սիրով կկատարեր փոխանցում, եթե այդ տարիքում գտնվեր և հորդորեց իր աշխատակիցներին պահպանել օրենքները:
Նկատենք, որ թատրոնում կա 200-ից ավել աշխատող, ում վրա տարածվում է կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքը: