Տարկետում և 8.5 մլն գրավ` խտրականությո՞ւն, թե՞ ոլորտի կանոնակարգում
Տարկետմա՞ն, թե՞ կրթության իրավունքի սահմանափակում: Զինապարտության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով խստացվում է բանակից տարկետման տրամադրումը արտասահամանում սովորելու համար, հակասական կարծիքներ է առաջ քաշել:
ԿԳ նախարարությունը պնդում է, որ սա շատ լավ տարբերակ է, որպեսզի մարդկանց նպատակը լինի սովորելը, ոչ թե բանակից խուսափելը: Կրթության ոլորտի փորձագետներն ասում են, որ այս նախագիծը սողանցքերի ու խտրականության տեղիք է տալիս:
Տարկետումն այսուհետ կառավարության կողմից տրամադրելու որոշումը կայացվել է մոտ 3 տարի կատարված ուսումնասիրություններից հետո: Այս մասին թեմայի շուրջ քննարկման ժամանակ ասաց ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը:
«ԿԳ նախարարությունը մոտ 50 միջգերատեսչական և միջպետական համաձայնագրեր ունի, որոնց շրջանակներում նաև կրթաթոշակային ծրագրեր են իրականացվում մոտ 12 երկրների հետ: Ժամանակին դաշտն ազատ էր թողնված: Բոլորին, առանց որևէ սահմանափակումների, տրվել է տարկետում: Դա եղել է ավտոմատ կերպով: Վերջին տարիների ընթացքում սա չարաշահվել է: Մենք հանգեցինք այն եզրակացության, որ պետք է կանոնակարգել հարցը»,- հայտնեց ԿԳՆ ներկայացուցիչը:
Նա նշեց, մարդու կրթություն ստանալը չպետք է պայմանավորված լինի բանակից խուսափելու հետ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը կարծում է, որ օրենքի այս փոփոխությունով ավելի խտրական դարձավ` ավելի նեղ թվով մարդկանց համար:
«Ես դեմ չեմ կրթաթոշակին, եթե սահմանված հրապարակային կարգով է արվում: Վերացրեք այդ խտրականությունը, ծառայելն անջատեք կրթությունից: Մարդկանց շրջանակը նեղացվում է, օլիգարխացվում: Կառավարության տեղեկանքում նշված է, որ օտարերկրյա բուհում սովորելը պետք է անձի միայն կարիքները բավարարելուն ուղղված լինի: Ձեր ի՞նչ գործն է, որ բուհն է ընդունվում, կվերադառնա՞, չի՞ վերադառնա: Դուք դա չգիտեք, չեք էլ կարող իմանալ»,- ասաց նա:
Աշոտ Բլեյանն ընդգծեց, որ եթե զինապարտ է, պետք է իր պարտքը կատարի, իսկ եթե չկատարի, եթե խուսափի, արդեն քրեական հետապնդում է լինելու. «Ապա կգնա բարեխիղճ կտա իր պարտքը: Վերացրեք այս խտրականությունը: Չի կարելի օրենքներ ստեղծել այդ խողովակը նեղացնելու համար: Ստացվում է , որ մարդը չի ծառայում, գնում է իբր սովորում է` հանուն Հայաստանի Հանրապետության: Իսկ էն մյուսը, որ իսկապես ծառայում է ՀՀ-ին, ո՞վ է»:
Տիգրան Սահակյանը հակադարձեց, որ սա ինքնանպատակ չի արվում:
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նկատեց, որ մի կողմից բանակի խնդիրն է առաջ բերվում, մյուս կողմից` արդարության վերականգնում:
«Այդ երեխաները, որ մնում են օտարերկրյա բուհերում, ավելի մեծ օգուտ են բերում Հայաստանին, քան վերադառնալով և 30 հազարով քիմիայի լաբորանտ աշխատելով: Ես տղայի եմ ճանաչում, որ մի շարք քաշքշոցների մեջ է ընկել, տունը գրավ է դրել, բայց արդեն փայլուն գիտնական է: Ես հասկացա, որ կոռուպցիան չի վերացվի և չի վերականգնվի արդարությունը»,- հավելեց Հովհաննիսյանը:
«Մեզ կարող են մեղադրել, որ սողանցքներ ենք թողել, բայց մենք բացառիկ տաղանդների համար ենք թողել այդ հնարավորությունը»,- ասաց ԿԳՆ ներկայացուցիչը:
Աշոտ Բլեյանը հակադարձեց. «Դուք ուզո՞ւմ եք ասել, որ իշխանավորների ու օլիգարխների երեխաների համար չեք թողել»:
Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ինքը չէր ցանկանա, որ օլիգարխների զավակները ծառայեին բանակում, քանի որ «նրանք այնտեղ էլ համը կհանեին և խտրականություն կառաջացնեին»:
Անդրադառնալով օրենքի նախագծի այն կետին, որ ուսանողը պարտավոր է 8.5 մլն գրավ թողնել, Տիգրան Սահակյանը նշեց, որ դա սիմվոլիկ է. «Արտերկրում սովորել ցանկացողները` միջպետական, միջկառավարական ծրագրերով, պետք է պատրաստ լինեն, որ դա ամբողջությամբ անվճար չի, դրանք ծախսեր են ենթադրում»:
Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, այդ 8.5 մլնը խելամիտ չէ. «Եթե մարդը որոշել է չվերադառնալ, կտեղավորվի աշխատանքի, կուղարկի այդ գումար շատ արագ աշխատելով և վերականգնելով»:
Ամփոփելով, Աշոտ Բլեյանն ասաց, որ խնդրի լուծումը քաղաքական կամք է պահանջում. «Մենք օրինականացրել ենք բանակից խուսափելը` ընդ որում մեծ թվով մարդկանց համար: 18 տարեկանը լրացած բոլոր այն քաղաքացիներն, ովքեր առողջական խնդիրներ չունեն, պիտի գնան ծառտայելու: Ով ցանկանում է սովորել, դա կանի ամեն դեպքում: Այս ձևով այդ նպատակին չեք հասնի: Եկեք սկսենք Հայաստանի առողջացումը բանակից: Թող ծառայեն, պարտք չմնան: Հետո արդեն սկսեն բանակը դարձնել մեկ տարով և պայմանագրային»:
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց. «Եթե մարդը որոշել է գնալ սովորել, ավելի լավ չի՞ բերեն գումար վճարեն, այդ գումարով էլ պետությունը երկու պրոֆեսիոնալ մարդ վարձի, այդ երկու տարին ծառայեն»:
Տիգրան Սահակյանն էլ ընդգծեց, որ ՀՀ բոլոր գերատեսչությունների թիվ մեկ խնդիրը մեր բանակն է. «Մի մոռացեք մեր երկիրը պատերազմական վտանգի առաջ է: Այստեղ ոչ մի խտրականություն չի իրականացվում, կրթության իրավունք չի ոտնահարվում: Մենք խնդիր չենք դրել թիվը քչացնելու, մենք խնդիր ենք դրել նպատակային դարձնել»:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում