Թուրքիայի վարչապետի խոստովանությունն ու ծաղրանկարը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ 2013-ին Թուրքիան ցնցած Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ Մարրոկոյից զանգահարել է «ՀաբերԹուրք» հեռուստատեսություն և հրահանգել եթերից հեռացնել ընդդիմադիր առաջնորդ Դևլեթ Բահչելիի մասին լրատվությունը (վազող տող):
«Այո, ես զանգահարել եմ, քանի որ վազող տողերում մեզ հասցեագրված վիրավորանքներ կային: Հետները (ՀաբերԹուրք) խոսեցի և նրանք արեցին այն, ինչ հարկավոր էր: Պատահել է, որ ես կամ իմ ընկերները հրապարակված վիրավորանքների կապակցությամբ ձեր թերթին էլ ենք դիմել»,- պատասխանել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ օրերս ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն խորհրդարանում հնչեցրել էր Էրդողանի վերոնշյալ զանգի ձայնագրությունը և վարչապետին մեղադրել գրաքննության մեջ:
Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի հայտնի ծաղրանկարիչ Մուսա Քարթն անդրադարձել է երկրում մեծ աղմուկ հանած այդ հեռախոսազանգի ու մամուլի գրաքննության թեմային: Իր ծաղրանկարի հերոս է դարձրել Թուրքիայի վարչապետին և հեռուստատեսային լրատվությանը:
Հեռուստացույցի էկրանին լուրերի փոխարեն պատկերված է հետևյալ գրությունը. «Ես չգիտեմ, իմ մեծը կիմանա»: Իսկ բազկաթոռին թիկնած Էրդողանը հեռախոսով հրահանգներ է տալիս լրատվամիջոցի ներկայացուցչին` ասելով «Ալո, Ֆաթիհ, շատ լավ հիմա լավ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում