Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը իր հետ կատարվածի մեջ ենթատեքստ է տեսնում
Մի քանի դրվագներով կաշառքի ու աշխատավարձերի յուրացման համար մեղադրվող ՀՀ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանքի որոշման դեմ վճռաբեկ բողոքը դատարանը վերադարձրել է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը:
Նկատենք, որ Զուռնաչյանի հետ միասին Մարտիրոսյանին պաշտպանում է նաև փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով՝ Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:
Փաստաբան Զուռնաչյանը Panorama.am-ին ասաց, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
«Մեղադրանքները բացարձակ չի ընդունում, գտնում է, որ դրանք շինծու են, հիմքեր չկան նման մեղադրանք առաջադրելու համար», -նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ եթե նախաքննական մարմինը դարձյալ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացրեց ու դատարանն էլ բավարարեց, իրենց կրկին բողոքարկելու են:
Փաստաբանի ներկայացմամբ, ամեն ինչ սկսվել է Դատական դեպարտամենտի կադրերի բաժնի նախկին պետի տված ցուցմունքից, որը անբարյացակամ վերաբերմունք է ունեցել Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ:
«Նա, այդ նախկին աշխատակիցը, որը մեղմ ասած անբարյացկամ վերաբերմունք ունի Մարտիրոսյանի նկատմամբ, ցուցմունքներ է տվել, որ աշխատողներին աշխատանքի ընդունելիս կաշառք է վերցրել: Բայց այդպիսի հանգամանք չկա, դա ցույց են տալիս օբյեկտիվ փաստերը»,- փոխանցեց փաստաբանը:
Հարցին, թե որևէ ենթատեքստ տեսնո՞ւմ է պաշտպանական կողմը Մարտիրոսյանի դեմ կատարավածի մեջ, Զուռնաչյանը պատասխանեց. «Այո, ենթատեքստ հաստատ կա, բայց նա այդ մասին դեռ չի ցանկանում բարձրաձայնել: Ես իր հետ չեմ քննարկել, համաձայնեցրել ու այս պահին նպատակահարմար չէ, այդ մասին հայտարարել»:
Նախորդող հրապարակումներ՝
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը ձերբակալվել է
Ոստիկանությունը ներկայացրել է կեղծիքների մեջ կասկածվող դատական կարգադրիչների ծառայության պաշտոնյաների ցանկը
Դատական կարգադրիչների ծառայության պետը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները