Հրանտ Մաթևոսյանն` ինքն իր մասին (տեսանյութ, լուսանկարներ)
«Հրանտ Մաթևոսյանի լավագույն երկերը կերպավորման, իմաստային և ձևի առումով ազդեցիկ բյուրեղացումներ են, որոնք իրենց հերթին ներքին կապերով արտահայտիչ ու տեսանելի են դարձնում կյանքի ծանրանիստ ընթացքը, դառնում խոր ընդհանրացումներ՝ հոգսի, աշխատանքի, հողի ու գեղեցկության մասին»,- այսպես է ներկայացրել գրականագետ Հրանտ Թամրազյանը Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը:
1935 թ. հենց այսօր օրն է Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում ծնվել հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը: Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը այսպես` երրորդ դեմքով, հանրագիտարանային այս ոճով է շարադրել իր կենսագրականը: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը հրապարակել է նույնությամբ, պահպանելով բնօրինակի ոճը.
«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵւՈՍՅԱՆ
«Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք - մեր սարերը, Բեռնաձիեր (Оранжевый табун, The Orange Herd), Խումհար (Похмелье, Hangover), Տաշքենդ, Աշնան արև (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ - ի ընտրանին՝ Աշնան արև:
Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ»:
Հրանտ Մաթևոսյանը հայ նորագույն արձակի նշանավոր ներկայացուցիչներից է: Նրա գրական ժառանգությունը՝ կերպարների մտածողությամբ ու հոգեբանությամբ, պատմության մշտարթուն հիշողությամբ, խորապես ազգային է:
«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այդ ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցրել:
… Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»,- ասել է Հրանտ Մաթևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան