«Ժառանգություն» կուսակցությունը Ազատության հրապարակում հանրահավաք չի անցկացնի
Թեև նախապես հայտնի էր, որ փետրվարի 18-ին, երբ լրանում է նախագահական ընտրությունների 1 տարին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել, ինչի մասին անգամ իրազեկված էր քաղաքապետարանը, սակայն երեկ հանդիպման ձևաչափի փոփոխություն է եղել. այն ստացել է «ազգային տարեկան ուղերձ» ձևակերպումը, որով կուսակցության առաջնորդը հանդես կգա նույն օրը «Անի Պլազա» հյուրանոցում:
«Ժամանակ»-ի թղթակիցը երեկ «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվել է՝ հանրահավաք չանելու պատճառը արդյո՞ք այն է, որ մարդկանց թիվը չապահովելու մտավախություն կա:
«Մեր որոշումը որևէ մտավախության հետ կապ չունի, նպատակահարմարության հարց է ընդամենը: Մենք ազատ ենք որոշելու՝ երբ հանրահավաք անել, երբ դահլիճային հանդիպում»,-ասել է նա: