Սուր շնչառական վարակների աշխուժացում է, խուճապի առիթ չկա
Հանրապետությունում սուր շնչառական վարակների աշխուժացում է, այս մասին ասում են Առողջապահության նախարարության մշտադիտարկումների նախորդ շաբաթվա տվյալները:
Նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետ Լիաննա Թորոսյանի խոսքով, հիմնականում աշխուժացումը կապված է բնակչության` ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ ակտիվ դիմելիությամբ:
«Սա ողջունելի է: Դա է նաև պատճառը, որ այսօր ստացիոնար բուժում ստացողների թվում ծանր հիվանդներ չունենք: Ծանր դեպքերի բացակայության ֆոնի վրա նկատվել է շնչառական վարակներով հիվանդների թվի բարձրացում: Այսինքն, այն հիվանդներն, ովքեր ունեն թեթև ախտանշաններ, դիմում են պոլիկլինիկաներ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ փորձագետը:
Լիաննա Թորոսյանն ընդգծեց, որ այդ աշխուժացումը որևէ խուճապի և անհանգստության առիթ չի տալիս. «Բնակչությունը, ի շնորհիվ նախարարության իրականացրած քարոզչության, որ պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, այլ պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության` թեկուզ թեթև ախտանշանների դեպքում, այդպես էլ վարվում է»:
Նա նաև նշեց, որ այսօր հանրապետությունում շրջանառվում են գրիպի վիրուսները, հիմնականում H3 վիրուսը: Այն որևէ կենդանական ծագում չունի, այլ հասարակ, մարդկային գրիպն է, որը գրագետ և ժամանակին բուժելու դեպքում 2-4 օրվա ընթացքում հիվանդը կարող է դուրս գալ այդ վիճակից:
«Ոչ բոլոր շնչառական վարակներն են պայմանավորված վիրուսներով, այստեղ միշտ մրսածության գործոնն է առաջ գալիս: Ճիշտ է եղանակը տաքացել է, բայց դա հիմք չի հանդիսանում թեթև հագնվելու: Քանի, որ արդեն բուհերը սկսել են աշխատանքը, կոչ եմ անում ուսանողությանը, որպեսզի լինեն զգոն, աչալուրջ և չբարդացնեն իրենց վիճակը»,- ասաց նա:
Մասնագետի բնորոշմամբ, խոսցելի են համարվում երեխաները, հղիները, տարեց մարդիկ: Նա ևս մեկ անգամ նրանց կոչ արեց դիմել ամբուլատոր պոլիկլինիկաներ առաջին իսկ ախտանշանների դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները