ՌԴ քաղաքացիության արժեքը` 10 մլն ռուբլի
Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը և տնտեսական զարգացման նախարարությունը մշակել են օրինագիծ համաձայն որի առաջարկվում է ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք 10 մլն ռուբլիից սկսած ներդրում կանեն երկրի տնտեսությունում, ինչպես նաև արտասահմանցի ուսանողներին, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանում և առնվազն երեք տարի աշխատել երկրում: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:
Նշվում է, որ օրինագիծն արդեն քննարկվել է կառավարությունում և առաջիկայում կբերվի Պետական դումա:
Սակայն ոչ բոլորն են հավանության արժանացրել այս գաղափարը: ՌԴ Հանրային խորհրդի փոխքարտուղար Վլադիսլավ Գրիբան, օրինակ, հայտարարել է, որ նման ճանապարհով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկան կարող է ավելորդ բեռ հանդիսանալ պետբյուջեի համար, քանի որ նշված գումարները իրականում շատ չնչին են համեմատած այն գումարի հետ, որը պետությունը պետք է ծախսի իր նոր քաղաքացու վրա: Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա երեք տարվա աշխատանքային փորձն էլ, ըստ նրա, սխալ է և անհրաժեշտ է անցնի առնվազն հինգ տարի, որից հետո էլ նրանց պետք է տալ ոչ թե քաղաքացիություն, այլ բնակության իրավունք: