Ռ. Սաֆրաստյան. Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը մշուշոտ է (Տեսանյութ)
«Թուրքիայում առանց դատարանի որոշման ինտերնետային ռեսուրսներ փակելու մասին օրենքի ընդունումը կապված է այն հանգամանքի հետ, որ անցյալ տարի Գեզիի պուրակը քանդելու դեմ սկիզբ առած հակակառավարական ելույթները կազմակերպել էին միջին խավի ներկայացուցիչները, երիտասարդները, ուսանողությունը, ովքեր լայնորեն օգտագործում են ինտերնետը՝ իրենց բողոքի ձայնն արտահայտելու և զանգվածային ակցիաներ կազմակերպելու համար»,- այս մասին անդրադառնալով Թուրքիայում համացանցի սահմանափակման մասին օրենքի ընդունումից հետո սկիզբ առած զանգվածային բողոքի ցույցերին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա պատահական չհամարեց դեռ անցած տարի զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ պետք է համացանցը սահմանափակել, որ այն վտանգ է ներկայացնում թուրքական պետության համար:
Ռ. Սաֆրաստյանը համապատասխան օրենքի ընդունումը համարում է այդ հայտարարության կյանքի կոչում:
Ինչ վերաբերում է այդ իրադարձությունների համատեքստում Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին, թուրքագետը նշեց, որ իհարկե ԵՄ-ն կքննադատի թուրքական իշխանությունների գործողությունները, սակայն, միաժամանակ, համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի հետ ԵՄ հարաբերություններում ավելի կարևոր խնդիրներ կան, քան ներքին այդ զարգացումները:
«Առաջինն այն է, որ Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ երկրի՝ Կիպրոսի տարածքի մի զգալի մասը: Թուրքիան ձգտում է դառնալ ԵՄ անդամ՝ օկուպացնելով այդ միության անդամ պետության տարածքը: Սա է Թուրքիայի ու Եվրամիության միջև ամենակարևոր խնդիրը: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը շատ է դանդաղել և մշուշոտ է»,- ընդգծեց Ռ. Սաֆրաստյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոչն՝ ուղղված Թուրքիայի վարչապետին, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը և բացի Հայաստանի հետ սահմանը, թուրքագետը պատասխանեց, որ դա մի պետության ղեկավարի կոչ է, ով ընդունել է հրեաների դեմ իր գործած ցեղասպանությունը և դատապարտել:
«Անգելա Մերկելի կոչը Թուրքիայի վարչապետին ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան ոչ միայն ներկայում ժողովրդավարության իր ընկալմամբ չի համապատասխանում Եվրամիությանը, այլև պատմության նկատմամբ իր վերաբերմունքով: Մերկելի հայտարարությունը կոչ էր մի երկրի ղեկավարի, որը ընդունել է սեփական հանցագործությունները՝ կապված հրեական Հոլոքոստի հետ և ինքն էլ դատապարտել է: Հետևաբար նրա կոչը շատ լուրջ պետք է ընկալել»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում