Երիտասարդ զույգերը նախընտրում են Սուրբ Սարգիսը
«Եթե օտար է, լավն է ու նորաձև, իսկ սեփականի նկատմամբ որոշակի խավերի շրջանում կա քամահրական վերաբերմունք»,- Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը:
Նրա խոսքով, հայ երիտասարդների շրջանում շատերն են գերադասում նշել Սուրբ Վալենտինը, քանի որ իրենց համարում են ավելի եվրոպամետ, ամերիկամետ ու նշում են տոներ, օրեր, որոնց նշանակությունը շատ դեպքերում չգիտեն էլ:
«Պետք է սեփականի նկատմամբ հարգանք լինի: Իսկ այդ հարգանքն ազգայինի, սեփականի նկատմամբ պետք է մանկուց սերմանվի երեխաների մեջ` մանկապարտեզից, դպրոցից, պետք է ծանոթացնեն մեր հերոսներին, նրանց օրինակները բերեն: Այդ դեպքում ավելի շատ մարդիկ կնախընտրեն նշել Սուրբ Սարգիսը, ոչ թե Սուրբ Վալենտինը»,- ասաց ազգագրագետը:
Ս. Պողոսյանի դիտարկմամբ, ազգայինը քարոզելը մի բան է, հանրահռչակելը մեկ այլ բան. պետք է մշակույթը կրող մարդիկ հեռուստատեսությամբ, տարբեր լրատվամիջոցներով պարբերաբար անդրադառնան ու մանրամասն ներկայացնեն մեր ազգային տոները, դրանց ծագումնաբանությունը, նշանակությունը մեր ազգի համար:
Փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Սուրբ Սարգսի տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Սուրբ Վալենտին: Ամբողջ աշխարհում այս անունը կապվում է սիրո և սիրահարների հետ: Այն նշվում է փետրվարի 14-ին: Տոնի արմատները գալիս են Հռոմեական կայսրության ժամանակներից: Ըստ լեգենդի, հռոմեական կայսր Կլավդի 2-ը հրաման է արձակում և արգելում է երիտասարդներին ամուսնանալ՝ գտնելով, որ այդպես երիտասարդ տղամարդիկ ավելի անձնվիրաբար կկռվեն կայսրության համար: Այդ ժամանակ Վալենտինը հասարակ քահանա էր: Խղճալով երիտասարդներին, նա բոլորից գաղտնի ամուսնացնում է սիրող զույգերին: Շուտով նրա «հանդգնության» մասին տեղեկանում է կայսրը և հրամայում է բանտարկել, այնուհետև մահապատժի ենթարկել բարերար քահանային: Բանտում քահանան ծանոթանում է բանտապետի աղջկա՝ գեղեցկուհի Ջուլիայի հետ և սիրահարվում է նրան: 269 թ.-ի փետրվարի 14-ին նրան սպանում են: Մահապատժից առաջ Վալենտինը նամակով սիրո խոստովանություն է անում իր սիրած աղջկան: Նամակի ներքևում գրում է «Քո Վալենտին»:
Սուրբ Սարգի՞ս, թե՞ Սուրբ Վալենտին: Այս հարցը շատերն են տալիս իրենք իրենց ու փորձում հասկանալ, որն է իրենց ավելի հոգեհարազատ: Սակայն քրիստանյա հային երբեք չպետք է այդ հարցը մտատանջի, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին որպես տոն նշում է Սուրբ Սարգիսը:
Վերջին տարիներին Հայ եկեղեցին մի շարք միջոցառումներ է կազմակերպում` երիտասարդների շրջանում Սուրբ Սարգիս տոնի մասին ավելի շատ տեղեկատվություն տարածելու համար, որպեսզի վերջիններս ընդունեն, տոնեն ազգայինը: Թեև դանդաղ, բայց տեսանելի է եկեղեցու կողմից տարվող աշխատանքի արդյունքը: Երիտասարդ շատ սիրահարներ հրաժարվել են նշել Սուրբ Վալենտինը` նախապատվություն տալով Սուրբ Սարգսին: Հենց երիտասարդ սիրահարներեն են խոստովանում, որ տարիների առաջ շատ քիչ բան գիտեին Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգիս տոնի մասին, բայց շատ լավ գիտեին, որ փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի` սիրիահարների օրն է:
«Ես արդեն ամուսնացած եմ, ունեմ երեխա: Բայց երբ դեռ ապագա կնոջս հետ ընկերություն էինք անում, նրան Վալենտինի օրն էի ծաղիկներ նվիրում, հրավիրում սրճարան` նշելու սիրահարների օրը: Բայց ժամանակի ընթացքում միգուցե մի քիչ մեծացանք, միգուցե ավելի շատ սկսեցինք իմանալ Սուրբ Սարգիս սրբի ու նրան նվիրված տոնի մասին: Մի տարի որոշեցինք, որ պետք է մեր եկեղեցու կողմից ընդունվող տոնը նշենք և այդպես էլ արեցինք: Դրանից հետո մենք նշում ենք Սուրբ Սարգիսը: Բոլորին խորհուրդ կտայի նշել մեր եկեղեցու կողմից ընդունվող սրբի տոնը: Ասեմ, որ հոգեբանորեն այս տոնն ինձ վրա ավելի մեծ ազդեցություն է գործում»,- ասաց 25-ամյա Տիգրանը:
Սիրահար շատ զույգեր էլ մեզ հետ զրույցում ասացին, որ նշելու են Սուրբ Սարգիսը, մասնակցելու են Արարատյան Հայրապետական թեմի կողմից կազմակերպող միջոցառումներին:
Իմանալ սեփական պատմությունը, իմանալ ազգայինի ու ավանդականի մասին… Սա արդեն գործի կեսն է: Մնացածն էլ արդեն պատասխանատուների գործն է: Իսկ թե ով ինչպես է աշխատում, ցույց է տալիս ժամանակը:
Նախորդող հրապարակում`
Տ. Զաքարիա. Վալենտինի տոնի հիմքը խարխուլ է, Սուրբ Սարգիսը տոն է՝ անմնացորդ սիրո խորհրդով