Հետազոտող. Մաշտոցը նախաաստվածային այբուբենն է վերականգնել
Անհատ հետազոտող Արծվի Ալեքսանյանը հայոց այբուբենի մեջ գաղտնիքներ է հայտնաբերել: Մասնագիտությամբ ֆիզիկ, գեոֆիզիկ հետազոտողը թաքնագիտական բացահայտումներ է արել և հայերեն տառերի ու բնագիտական առարկաների միջև կապ է տեսել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ իր ուսումնասիրությունն արել է 40 տարվա ընթացքում, այդ մասին բարձրաձայնում է հիմա, երբ ավարտին է հասցրել հիմնական ուսումնասիրությունը:
Ըստ նրա, սա դեռ սկիզբն է. ամեն ոլորտի մասնագետի հետ պետք է սկսվեն ուսումնասիրությունները: «Մեկ տարի ուսումնասիրությունից հետո համաշխարհային գիտության մեջ նորություններ կհայտնաբերվեն: Մի երկրաբանը կարող է գտնել ոսկու հանք, բայց մենակ ի վիճակի չէ շահագործել: Այբուբենը գիտելիքների շտեմարան է, ավելի հարուստ, քան ոսկու հանքը: Այն միայն գիտական արժեք չի ներկայացնում»:
Ըստ հետազոտողի, հայոց այբուբենը համակարգ է, այն կարևոր ինֆորմացիա է պարունակում, եթե մի տառ ավելանա կամ պակասի, սիստեմը չի գործի: Հետազոտողը կարծում է, որ այբուբեն հնարել-գրելը, երբ լեզուն արդեն կա, այնքան էլ բարդ բան չէր:
«Այբուբեն ստեղծելու համար պետք էր նստել, տեսնել քանի հնչյուն ունի լեզուն, ամեն մեկին նշան հնարել: Բայց Մաշտոցի գործն ավելի մեծ էր, նախաաստվածային այբուբենն է վերականգնել նա»,- ասաց Արծվի Ալեքսանյանը:
Լեզուն և այբուբենը ստեղծվել են անհիշելի ժամանակներում, որպեսզի լիներ հաղորդակցության միջոց, նկատում է Ալեքսանյանը: Նա ենթադրում է, որ 301 թվականին՝ Հայաստան Քրիստոնեության մուտքի ժամանակ, մինչ այդ եղած ինֆորմացիոն կապը կտրվել է: «Ենթադրում եմ, որ Մաշտոցին հասել են պատառիկներ նախաքրիստոնեական շրջանից: Նա չէր կարող ասել, որ սա նախաքրիստոնեական շրջանի կոդեր են»:
Հետազոտողն ասում է, որ Մաշտոցն արդեն եղածների օրինաչափությունը տեսնելով և ալգորիթմը գտնելով, հասկացել է ինչն է պակասում և կարողացել է լրացնել պակասը: Ուսումնասիրությունների ընթացքում Ալեքսանյանը պարզել է, որ մեր լեզվի մեջ կա մաթեմատիկական կառույց:
«Ր տառը մեզ մոտ տարօրինակ տառ է, բառեր չեն սկսվում դրանով: Բայց պարզվեց , որ կառուցվածքային ձև ունի, բոլոր տառերում հնչում է այն: Ր-ն տարօրինակ տառ է, այն այբուբենի հիմնական տառերից մեկն է»,- ասաց նա և նշեց, որ այս տառը դրել է բոլոր վեց ձայնավորներից առաջ և իմաստ է արտահայտել կազմված կոմբինացիա, օրինակ՝ Ար, Իր, Օր, Ուր և այլն:
«Երբ այբուբենը դնում ենք եռանկյան մեջ գագաթում Ա տառն էր, ձախում՝ Ս-ն, աջում՝ Ք: Այս եռանկյան սիստեմում ստացվում էր ԱՍՔ բառը: Առաջինը, որ նկատում ենք, ստացվում է ԱԲԳ եռանկյունին: Մի տողում ասելիք կա»,- ընդգծեց բանախոսը:
Արծվի Ալեքսանյանը, այբուբենն ուսումնասիրելով ճշգրիտ գիտությունների միջոցով, պարզել է, որ մեր այբուբենը հինգ կարևոր եռանկյունիներ է պարունակում՝ սուրանկյուն, հավասարակողմ և այլն: «Երբ տեղադրում ենք բառերն ըստ հնչողության՝ Գ-Կ-Ք օրինակ, ստացվում է հինք եռաձայն, հինգ երկձայն, հինգ մեկձայն: Սա պատահական հավաքած այբուբեն չէ, այլ մեկ ամբողջ կոմլեկտ է»:
Ըստ Արծվի Ալեքսանյանի, այս այբուբենը մարդու կողմից չի ստեղծված, այլ ավելի բարձր քաղաքակրթության և բանականության. «Ես համոզված եմ, որ մեր այս քաղաքակրթությունը առաջինը չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում