«Հայաստան ներմուծվում են այնպիսի պանրի տեսակներ, որոնք այստեղ չեն արտադրվում»
Հայաստան ներմուծվում են այնպիսի պանրի տեսակներ, որոնք հանրապետությունում չեն արտադրվում, այդ պատճառով էլ ավելացել են պանրի ներմուծման ծավալները: Panorama.am թղթակցին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Նշենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2013թ-ին Հայաստան պանրի և կաթնաշոռի ներմուծման ծավալներն ավելացել են ավելի քան 187,5 հազար տոննայով: Եթե 2012թ-ին Հայաստան է ներկրվել 1056,2 տոննա պանիր և կաթնաշոռ, ապա 2013-ին` 1 243,7 տոննա:
Ա. Հովհաննիսյանի խոսքերով` հայկական պանիրների տեսականին քիչ է, հիմնականում արտադրվում են պինդ պանիրներ, մինչդեռ ամբողջ աշխարհում պանրի տեսակները հասնում են մի քանի հարյուրի:
Հայաստան հիմնականում ներկրվում են տարբեր տեսակի աղանդերային, հոլանդական, շվեյցարական պանիրներ, ինչպես «Ռոքֆոր» պանրի տարբեր տեսակներ, որոնք Հայաստանում գրեթե չեն արտադրվում:
Վարչության պետը հայտնեց, որ Հայաստանում տարեկան արտադրվում է 17-18 հազար տոննա պանիր, որի 80 տոկոսը կազմում են հայկական ավանդական աղաջրային պանիրները, ինչպես նաև «Լոռի» պանիրը:
Իսկ թե ինչո՞ւ են նվազել հայկական պանրի արտադրության ծավալները, գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան հայտնեց, որ պատճառը կաթն է, որի արտադրության ծավալների բավարար չեն: Ըստ Ա.Հովհաննիսյանի` Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 650 տոննա կաթ, սակայն կաթնամթերքի արտադրության համար ներկրվում է մոտ 2000 տոննայից ավելի չոր կաթ` կաթի փոշի:
Այդուհանդերձ, ըստ նրա, սա դեռ չի նշանակում, որ հայկական պանիրը չի արտահանվում: Եթե 2012թ-ին արտահանվել է մոտ 900 տոննա պանիր և կաթնաշոռ, ապա 2013թ-ին արտահանման ծավալներն աճել են մոտ 2 անգամ` կազմելով 1550 տոննա:
«Սա նշանակում է, որ արտահանման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա»,- ընդգծեց Ա.Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով` այս տարի նախատեսվում է կաթի արտադրության ծավալների աճ, ինչն արդյունքում էլ կավելանա պանրի և այլ կաթնամթերքի արտադրությունը:
Նախորդող`
Հայաստան ավելի շատ պանիր և կաթնաշոռ ներկրվում է, քան արտահանվում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները