Փետրվարի 15-ին խաչապտույտ կիրականացվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի
«Տարիների ընթացքում մեր երիտասարդները սկսել են նշել Սուրբ Սարգսի տոնը: Արդեն շաբաթներ առաջ նախապատրասվում են: Մենք ունենք գեղեցիկ տոներ, որոնք պետք է քարոզենք»,- ասուլիսում ասաց Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր-Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Նա նաև հիշեցրեց, որ արդեն քսան տարի է Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր, վիճակագրությունը ցույց է տվել, որ տարեցտարի ավելանում են երիտասարդների թիվը, ովքեր նշում են հենց այս տոնը:
Քահանան մանրամասն ներկայացրեց, թե Արարատյան հայրապետական թեմը տոնին նվիրված ինչ միջոցառումներ է անցկացնում, ընդհուպ մինչև զորամասերում, քանի որ Սուրբ Սարգիսը եղել է զորավար:
Սուրբ Սարգսի օրը՝ փետրվարի 15-ին 14.30-ին, սկսվելու է խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝ հոգևորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ: Այնուհետև «Պողոսյան պարտեզներում» կայանալու է «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգ:
«Ռեինկարնացիա» խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանն ասաց, որ իրենց նախաձեռնությամբ է կազմակերպվելու այդ համերգը. «Այս տարի որոշեցիքն մեր նախաձեռնությամբ եկեղեցուն առաջարկել նման համերգ անցկացնել Սուրբ Սարգսի տոնի առիթով: Այս տարվանից «Ռեինկարնացիա» խումբը սկսում է բարեգործական համերգների շարք: Սա սկիզբն է, քանի որ երիտասարդության տոնն է»:
Նա նշեց, որ հնչելու են երգեր «Աղ ու հաց» ալբոմից, լինելու են նոր ստեղծագործություններ:
Նախքան այդ, փետրվարի 14-ին ժ. 19.00-ից Կարապի լճի տարածքում կազմակերպվելու է մեծ բացօթյա միջոցառում: Ծրագրում` Տ. Պետրոսի օրհնություն, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախմբի ելույթ, ուրախ երգեր ու պարեր, դիսկոտեկ, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոստովանությունների մրցույթ մրցանակներով, բացիկներ, փուչիկներ ներկաների համար, հրավառություն:
Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է:
Նախորդող հրապարակումներ՝
Երիտասարդ զույգերը նախընտրում են Սուրբ Սարգիսը
Ս. Սարգիս Զորավարի մասունքները և Ավետիս երեցի Ավետարանը բերվելու են Ս. Սարգիս եկեղեցի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները