Կարծիքներ. Ադրբեջանը թիրախների ընտրության հարցում խտրականություն չի դնում
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե` հայկական կողմը խախտել է Սոչիի օլիմպիադայի ընթացքում «օլիմպիական հրադադարը» պահպանելու` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, իսկ դա ըստ Հասանովի, նշանակում է, որ Հայաստանը հետաքրքրված չէ կառուցողական երկխոսության կայացմամբ:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունները, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը նշեց, որ Ադրբեջանի այս հայտարարությունը շանտաժի դրսևորում է:
«Ադրբեջանը փորձում է իր մեղքը բարդել Հայաստանի վրա: Ամեն ինչից զատ, պետք է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ տարածաշրջանային անկայունությունը հակասում է հայկական կողմի շահերին, ինչը նշանակում է, որ տրամաբանորեն, հայկական կողմն ամեն ինչ անում է հրադադարի ռեժիմի կանոնների պահպանման համար: Ուրիշ բան, որ ադրբեջանական շանտաժը որոշ դեպքերում «աշխատում» է և միջազգային հանրությունը ոչ միշտ է համարժեք արձագանքում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին», -ասաց վերջինս:
Ըստ Ա. Մխիթարյանի, Ադրբեջանի քայլերը հիմնված են ստի ու կեղծիքի վրա:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց, որ հատկապես օլիմպիադայի օրերին, հայկական կողմը մաքսիմալ ձևով զերծ է մնում նույնիսկ հակառակորդի արձակած կրակահերթերին պատասխանելուց: «Ադրբեջանցի պաշտոնյաների խոսքերը հիմնված են կեղծիքի վրա ու ոչ մի կապ չունեն իրականության հետ: Օլիմպիադայի մեկնարկից ի վեր, ադրբեջանական կողմը սահմանագծի տարբեր հատվածներում ագրեսիվ քաղաքականություն է վարում` օգտագործելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: Ինչպես միշտ ակտիվ են նաև դիպուկահարները», -նշեց նա:
Ա. Հովհաննիսյանն ընդգծեց, որ առաջիկայում նախարարությունը դեռ կանդրադառնա սահմանի տարբեր հատվածներում Ադրբեջանի դրսևորած վարքին` հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ներկայացնելով կոնկրետ թվեր:
Panorama.am-ը ԼՂՀ ՊԲ Լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել նույնիսկ դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: «Շփման գծի արևելյան հատվածում կանգնած է այնպիսի հակառակորդ, ով թիրախների ընտրության հարցում խտրականություն չի դնում»: