«Ինչո՞ւ է պահում արվել իմ աշխատավարձից, ո՞ւր է այդ գումարը, եթե ֆոնդում չի ու ինձ մոտ էլ չի». ՀԷՑ աշխատակիցների հարցադրումը
«Ո՞ւր ա արհմիությունը»: «Արհմիությունը փախավ»: Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի մոտ շարունակվում է աշխատակիցների և «Դեմ ! եմ» նախաձեռնության անդամների համատեղ բողոքի ակցիան: Այդ ընթացքում աշխատակիցները փնտրում էին արհմիության ներկայացուցչին, որի միջոցով հանձնվել է աշխատակիցների բողոք-դիմումը, բայց այդպես էլ չգտան:
«Մեր խնդրանքն այն է, եթե օրենքի սահմաններում հիմնավորված չեն մեր աշխատավարձերի պահումները, ապա ինչո՞ւ առանց մեզ տեղյակ պահելու դա արվեց»,- իրենց հետ բանակցող աշխատակցուհուն դիմեցին ակցիայի մասնակիցները: Երիտասարդ կինն էլ պատասխանեց, որ այդ բոլոր հարցերը կլսվեն այսօրվա քննարկման ժամանակ, որին համաձայնել է ղեկավարությունը և աշխատակիցներից մի քանիսն էլ կարող են ներկա լինել:
Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքեցին նաև, որ հունվարի 15-ին նամակ են գրել և հայտնել իրենց պահանջները պահումների վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել. «Ուզում եմ իմանամ ինչո՞ւ է պահում արվել իմ աշխատավարձից և ո՞ւր են այդ գումարները, եթե ֆոնդում չեն ու ինձ մոտ էլ չեն, ո՞ւր է աշխատավարձիս մի մասը»,-ի վերջո հայտնված արհմիության նախագահին հարցրեց երիտասարդներից մեկը:
Պարոն Մուրադյանը, սակայն, ասաց նույնը` բոլոր այդ հարցերի պատասխանները կտրվեն այսօր ժամը 16.00-ին: Վերջինս, ի դեպ, նշեց, որ ինքն այսօրվա հավաքի մասին իմացել է ընդամենը մեկ ժամ առաջ, այսինքն` ոչ բոլոր աշխատակիցներն են տեղյալ եղել:
«Հիմնականում, որ դիմել են ինձ, մարդիկ խնդրում են, որ այդ պահումները նրանց վերադարձվեն մինչև հստակ որոշում կայացվի»,- տեղեկացրեց պարոն Մուրադյանը:
«Դեմ! Եմ» նախաձեռնության անդամները մեղադրեցին արհմիության ներկայացուցչին` «դուք պաշտպանում եք ղեկավարության շահերը, բայց կոչված եք պաշտպանելու աշխատակիցների շահերը: Չի կարելի այդպես»: Ինչի հետ, բնական է, մեղադրվողը չհամաձայնեց. «Եթե մեր աշխատողների շահերը ոտնահարվել են, մենք պատրաստ ենք կանգնել նրանց կողքին»,- հավաստիացրեց նա: Եվ ևս մեկ անգամ հորդորեց սպասել 16.00-ին, երբ բոլոր հարցերի պատասխանները կստացվեն:
Ուշագրավն այն է, որ հունվարի վերջին աշխատակիցները ստացել են դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, սակայն պահումներ արվել են հենց այդ աշխատավարձից: Նրանց հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ պահումն արվել է 2013թ-ի դեկտեմբերի աշխատավարձից, ՀԷՑ բանակցող աշխատակիցն ասաց, որ «ինքը հաշվապահ չի, բայց գիտի, որ դա օրինական է»:
Նախորդիվ`
էլցանցերի աշխատակիցներ. Ինչու՞ են պահվել մեր աշխատավարձերից, ու՞ր են հիմա այդ գումարները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան