Չեխ փորձագետը զարմացել է Արթուր Բաղդասարյանի արձագանքից
«Ռուսաստանի կողմից միգրացիոն քաղաքականության խստացման մասին հայտնի էր նվազագույնը դեռ մեկ տարի առաջ և այդ ընթացքում, օրինակ, Տաջիկստանը կարողացավ իր քաղաքացիների համար որոշ արտոնությունների հասնել»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց չեխ փորձագետ, Արևմուտքի ու Արևելքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները:
Նրա խոսքով` թեև ռուսական կառավարությունը այնքան էլ չէր ողջունում դա, բայց Վլադիմիր Պուտինի հետ Տաջիկստանի նախագահի հանդիպումից հետո ավելի քան 1 մլն տաջիկներ հնարավորություն ստացան շարունակել աշխատել ՌԴ-ում առանց ինչ-որ սահմանափակումների: Մասնավորապես, նրանց համար միգրացիոն հաշվառման ժամկետը 7 օրից ավելացավ մինչև 15 օր, իսկ աշխատանքի թույլտվությունը տաջիկների համար սկսեց տրվել ոչ թե մեկ տարով, ինչպես նախկինում էր, այլ 3:
Բայց մյուս կողմից Էրիկա Լերները այն կարծիքին է, որ նման խստացումներ Ռուսաստանը պետք է նախաձեռներ դեռ վաղուց. «Եթե անձը գտնվում է ինչ-որ պետության տարածքում 90 օրից ավելի ժամկետով, ապա դա հարկավոր է ինչ-որ կերպ օրինականացնել: Դա էլեմենտար գործընթաց է, որ Եվրամիությունում կիրառվում է վաղուց և ուրախ եմ, որ Ռուսաստանը այդ փորձը վերցրեց: Որովհետև Ռուսաստանում միգրացիոն հոսքերի չկարգավորվածությունը բացասաբար է անդրադառնում ԵՄ հետ արևելյան սահմանին` Ռուսաստանը ԵՄ դիտարկմամբ հետխորհրդային պետություններից միգրացիոն հոսքերի համար տրանզիտ երկիր է, իսկ «ծակ» սահմանը ԵՄ հետ հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտն է»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Էրիկա Լերներին զարմացնում է հատկապես ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի արձագանքը. «Դեռ վերջերս, հիշում եմ, Հայաստանի իշխանությունները, գուցեև արդարացի, մեղադրում էին ՌԴ-ին Հայաստանից միգրացիոն գործընթացների աջակցմանը, փակեցին հայրենակիցների վերաբնակեցման հայտնի ծրագիրը: Բայց այդպես էլ չստորագրվեց աշխատանքային համաձայնագիրը, որը կհեշտացներ այդ գործընթացը ՌԴ ամբողջ տարածքում: Այդ դեպքում ինչո՞ւ հիմա խնդրել, որպեսզի դյուրացնեն այդ ռեժիմը»:
Մեր զրուցակիցն ավելացրեց նաև, որ զբոսաշրջիկը ՌԴ-ում դժվար մնա 90 օրից ավելի, իսկ եթե մեկնում ես այդ երկիր այլ նպատակով, ապա գոյություն ունեն բազմաթիվ ընթացակարգեր, որոնք հարկավոր է անցնել. «Ցանկացած երկրում պետք է այդպես լինի և նույն ԵՄ-ում ոչ ոք երբեք կողմ չի լինի խիստ միգրացիոն ռեժիմից հրաժարվելուն: Տեսեք, նույն Շվեյցարիան հանրաքվեի միջոցով փաստացի նույնիսկ բացասական գնահատեց ԵՄ-ում գոյություն ունեցող խստացված ռեժիմը»:
Հարցին, թե ինչպես կանդրադառնա միգրացիոն ռեժիմի խստացումը Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի վրա, չեխ փորձագետն ասաց, որ այդ երկու գործընթացները իրար հետ կապել, առավել ևս քննադատել այդ կոնտեքստում պետք չէ. «Նախ, Հայաստանը դեռ Մաքսային միության անդամ չէ, բացի այս` դա տնտեսական կազմակերպություն է, որը չի կարգավորում միգրացիոն ռեժիմը, որը այլ կազմակերպությունների և երկկողմ համաձայնագրերի կարգավորման դաշտում է: Հայաստանից միգրանտների հաշվառման ինստիտուտի վերացման մասին հնարավոր կլինի խոսել միայն Եվրասիական միության ստեղծումից և Հայաստանի` դրան անդամակցությունից հետո միայն»:
Է.Լերներն ընդգծեց` կա մեկ այլ ճանապարհ ևս` անդամակցել Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական երկրին, թեև կողմնակից է, որ այդ ճանապարհով Հայաստանը չգնա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան