«Ժնև 2». Փոխադարձ մեղադրանքներ, թե հստակ գործողություններ
Շվեյցարիայում «Ժնև 2»-ի շրջանակներում սիրիական ընդդիմադիր պատվիրակությունը հայտարարեց, որ պատրաստվում է հանդես գալ մի փաստաթղթով, որտեղ ներկայացվում է Սիրիայի ներկայիս իշխանությունների և «ալ-Կաիդա»-ին հարող կառույցներից մեկի` «Իրաքում և Շամում իսլամական պետություն» ծայրահեղ իսլամական կառույցի (ԻՇԻՊ) միջև եղած կապն ու համագործակցությունը:
Փաստաթղթում մեջբերվող հիմնական կետերից են`
Սիրիայի բանակի որոշ նախկին սպաներ գործում են ԻՇԻՊ-ի խմբավորումներում որպես համակարգողներ ու խորհրդատուներ` ապահովելով կառավարական ուժերի հետ համատեղ գործողությունները:
Սիրիայի ռազմաօդային ուժերը խուսաբում են ԻՇԻՊ-ի խոշոր ռազմակայանները ռմբակոծելուց:
ԻՇԻՊ-ի մոտ հայտնաբերվել են սիրիական բանակում հանդիպող զինատեսակներ ու Սիրիայի հատուկ ծառայություններին պատկանող փաստաթղթեր և այլն:
Հավանաբար, այժմ հերթը սիրիական իշխանական պատվիրակությանն է, որը կփորձի հանդես գալ հակափաստարկներով: Ցավոք՝ «Ժնև 2»-ում սիրիական երկու պատվիրակությունների կողմից որդեգրած նման գործելաոճով «սայլը տեղից չի շարժվի»: Այստեղ առարկայական քայլեր են պետք, որոնցից մեկը կարող է լինել երկու պատվիրակությունների կողմից Սիրիայում գործող «ալ-Կաիդա»-ին հարող խմբավորումներին (խոսքը միայն ԻՇԻՊ-ի մասին չէ) դատապարտող համատեղ հայտարարություններով ու վերջիններիս դեմ ուղղված հստակ գործողություններով հանդես գալը, իսկ նման կանխատեսումներն անհավանական են թվում՝ հաշվի առնելով Շվեյցարիայում ներկայացված սիրիական երկու պատվիրակությունների վարքագիծն ու որդեգրած քաղաքականությունը:
«Ժնև 2»-ում հնչող փոխադարձ մեղադրանքներն ու հակամարտության կարգավորմանը միտված կոնկրետ քայլերի բացակայությունը ազդում է սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի արդյունավետության վրա: Ուստի, հենց փոխադարձ մեղադրանքներ պարունակող փաստարկներից անցում կատարելը հստակ գործողությունների, հնարավորություն կտա տեսնել «թունելի վերջում երևացող այն լույսը», որին շատերս անհամբեր սպասում ենք:
Հեղինակ` Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում