Արաքս գետի էկոլոգիական վիճակը Իրանի և Հայաստանի կառավարությունների ուշադրության կենտրոնում է
«Իրանն ու Հայաստանը կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի Արաքս գետը զերծ պահեն աղտոտվածությունից»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Թեհրանում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է Արաքս գետն աղտոտվածությունից զերծ պահելու հարցը:
Նախարար Արամ Հարությունյանը շեշտել է, որ կեղտաջրերի մուտքը Արաքս գետ կանխելու նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում արդիականացման աշխատանքներ են կատարվել և համապատասխան ներդրումներ արվել:
«Այցի ընթացքում իրանական կողմի հետ արդյունավետ բանակցություններ ենք վարել. Ներկայում համատեղ աշխատանքային խումբ է գործում, որը Արաքս գետի ջուրը յուրաքանչյուր ամիս անալիզի է ենթարկում և զեկուցում կատարված աշխատանքների վերաբերյալ»,-հավելել է ՀՀ բնապահպանության նախարարը:
ԻԻՀ էներգետիկայի նախարարն էլ իր հերթին նշել է, որ Իրանն ու Հայաստանը քաղաքական և տնտեսական ոլորտում ակտիվ համագործակցություն ունեն: Նրա խոսքով՝ ՀՀ բնապահպանության նախարարի այցն Իրան լավ առիթ է, որպեսզի ընդհանուր հարցերի շուրջ ավելի շատ քննարկումներ անցկացվեն:
«Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հայկական կողմը պղնձամոլիբդենային գործարանի կեղտաջրերը զտող սարքավորումներ տեղադրի, որպեսզի դրանք չթափվեն Արաքս գետը»,-հավելել է Համիդ Չիթչիանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան