Գևորգ Կոստանյանը` Բուդաղյանի փաստաբանի կողմից վիճարկվող որոշումների մասին
«Դատաքննության փուլում վիճարկվում է որոշումների օրինականությունը և հիմա բոլորս էլ սպասում ենք: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք համապատասխանաբար այդ որոշումների օրինականությունը ստուգելու եղանակով, և հիմա այդ որոշումների օրինականությունը վիճարկվում է դատական կարգով: Դատարանի որոշման հիման վրա մենք հնարավորություն կունենանք այլ իրավական ընթացակարգերի մասին խոսել», -այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպի գործի մասին հարցին:
Գևորգ Կոստանյանը նաև անհեթեթություն որակեց այն պնդումները, թե ինքը Գլխավոր դատախազի պաշտոնում առաջխաղացում է ունեցել հենց այս գործի` նման հանգուցալուծման արդյունքում: «Ես անհեթեություններ երբեք չեմ մեկնաբանում», -հարցին ի պատասխան արձագանքեց գլխավոր դատախազը:
Հիշեցնենք` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քննվում են մեկ վարույթում միավորված Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանի երեք դիմումները: Փաստաբանը բողոքարկում է գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու նախաքննական մարմնի որոշումները: Նշենք, որ առաջին երկու որոշումները կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով, որ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, իսկ Ավետիք Բուդաղյանի մասով որոշումը կայացվել է նրա մահվան հիմքով: