Լավրով. Ռուսաստանի հետ համագործակցությունից եվրոպական երկրների հրաժարվելը անհեռատեսություն է
Ռուսաստանի հետ համագործակցությունից որոշ եվրոպական երկրների հրաժարվելը անհեռատեսության և սառը պատերազմի նախապաշարմունքների հետևանք է: Այս մասին «Коммерсант» պարբերականում տպագրված ընդարձակ հեղինակային հոդվածում գրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անցած դարաշրջանի նախապաշարմունքները շարունակում են խանգարել Եվրամիությանը 21-ր դարում լրջորեն մոտենալ Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների հարցին: Տպավորություն է ստեղծվում, որ մեր արևմտյան գործընկերները հաճախ գործում են բնազդորեն՝ առաջնորդվելով «ընկեր-թշնամի» սկզբունքով և առանձնապես չմտածելով իրենց քայլերի երկարաժամկետ հետևանքների մասին»,- գրել է Ս. Լավրովը:
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի ու Եվրամիության միջև հորիզոնական ռազմավարական համագործակցությունը և հին խաղի կանոնների փոխումը կարող է լինել փոխշահավետ ու հեռանկարային:
«Սկզբունքորեն նոր, գործընկերության ավելի բարձր մակարդակի հնարավոր է հասնել միայն իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու հիման վրա: Ռուսաստանը նպատակ չունի դառնալ Եվրամիության անդամ, հետևաբար եվրոպական տարածությունում այդ երկու խոշոր խաղացողների միջև համագործակցությունը պետք է լինի միայն իրավահավասար»,- ընդգծել է նա:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Եվրամիությունում պետք է ամբողջությամբ հաշվի առնեն, որ եվրասիական տարածությունում իրականացվում է մասշտաբային ինտեգրացիոն նախագիծ, որը ի սկզբանե կառուցվել է ԵՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ ներդաշնակեցման հնարավորությունները հաշվի առնելով՝ որպես Եվրոպայի և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների միջև կապող օղակ:
«Իհարկե, Եվրամիության և ձևավորվող Եվրասիական տնտեսական միության միջև որակական մերձեցման խնդիրը չի կարող մեկ ժամում լուծվել: Սակայն համոզված ենք, որ այդ ուղղությամբ շարժվելը իրատեսական է, հասանելի նպատակ, քանի որ երկու ինտեգրացիոն գործընթացներն էլ կառուցված են ընդհանուր սկզբունքների և ԱՀԿ նորմերի վրա»,- գրել է Ս. Լավրովը:
Նա մանրամասն անդրադարձել է Ուկրաինայի խնդրին և լիովին անհեռանկարային համարել ուկրաինացիների փոխարեն դրսից որոշելու նրանց ապագան: Նա որպես այդ արտաքին միջամտության անհաջող օրինակներ մատնանշել է Իրաքը, Աֆղանստանը և Լիբիան:
«Եթե տեսնենք անկախ Ուկրաինայի զարգացման պատմությունը, ապա ակնհայտ է, որ արագ, «մեկ հարվածով» դեպի Արևմուտք կամ Արևելք կողմնորոշվելու փորձերը անխուսափելիորեն ձախողվել են: Այդ միտքն ապացուցում է նախագահ Վիկտոր Յուշչենկոյի թիմի գործունեությունը: Ուկրաինական հասարակության բնույթը թույլ չի տալից միանշանակ «թեքվել» դեպի այս կամ այն կողմ»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: