Թեհրանի բոլոր բենզալցակայաններն այսուհետ կվաճառեն «Եվրո 4» տեսակի բենզին
«Թեհրանի բոլոր բենզալցակայաններն այսուհետ կվաճառեն «Եվրո 4» տեսակի բենզին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանի փոխնախագահ, Բնապահպանության կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարը, անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվությանը, նշել է, որ Թեհրում «Եվրո 4» տեսակի բենզինի գործածումը բնապահպանության տեսանկյունից շրջադարձային իրադարձություն է, նույնիսկ կարելի է այդ առթիվ տոն կազմակերպել:
Հիշեցնենք, որ օդի աղտոտվածության պատճառով Թեհրանում տարեկան 3000 մարդ է մահանում: Թեհրանի քաղաքային խորհրդի քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Մոհմամմադ Սալարին վերջերս հայտարարել էր, որ քաղցկեղի տարածվածության ցուցանիշով Մերձավոր Արևելքում Իրանը գրավում է ամենաբարձր տեղը:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով Թեհրանի օդի աղտոտվածության խնդրին, մասնավորապես նշել է. «Տարեկան 2800-3000 մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով. Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության տվյալներով քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը օդի աղտոտվածությունն է»:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ քաղցկեղի տարածվածության ցուցանիշով Մերձավոր Արևելքում Իրանը գրավում է ամենաբարձր տեղը. Իրանում քաղցկեղով հիվանդների տարիքն արդեն 30 տարեկանից ցածր է»,-հավելել է Թեհրանի քաղաքապետարանի պաշտոնյան:
Նշենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում շուրջ 15 միլիոն մարդ է ապրում: Վերջերս Մեջլիսում շրջանառության մեջ էր դրվել օրենքի մի նախագիծ, որը նախատեսում է ներկայիս մայրաքաղաքը տեղափոխել մեկ այլ քաղաք: Բացի այդ, Թեհրանը երկրաշարժի տեսանկյունից ևս գտնվում է ռիսկային գոտում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում