«ՄԻԵԴ-ի՝ Փերինչեքի վերաբերյալ վճիռը անձեռնմխելիություն է ապահովում այլ ցեղասպանությունների մեղավորների համար»
ԱՄՆ-ում գործող Հայ իրավաբանների միությունը (Armenian Bar Association) նամակներ է հղել ԱՄՆ-ում և Կանադայում Շվեյցարիայի դեսպաններին` այդ երկրին կոչ անելով բողոքարկել 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դողու Փերինչեքի վերաբերյալ կայացրած վճիռը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
«Հաշվի առնելով դատավորներ Վուցինիցի և Պինտո դե Ալբուկերկիի կոպիտ տարակարծությունը, մենք համոզված ենք, որ Եվրոպական դատարանի գլխավոր պալատը հաշվի կառնի գործի հետագա քննության անհրաժեշտությունը:
ՄԻԵԴ-ի վճիռը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: Խոսքի ազատության պաշտպանության պատրվակով եվրոպական դատարանը ոտնահարում է համամարդկային արժեքները՝ ատելություն հրահրում, իրավունքներ չարաշահում: Վճիռը նաև սպառնում է՝ ստեղծել դատական նախադեպ, որը կարող անձեռնմխելիություն ապահովել ապագայում այլ ցեղասպանությունների մեղավորների համար:
Բացի դրանից, վճռով հաստատվում է Դողու Փերինչեքի նման մարդկանց արժանահավատությունը, ով դավադրության և մի շարք այլ մեղադրանքներով ցմահ բանտարկության էր դատապարտվել Թուրքիայում:
Հայ իրավաբանները նաև շնորհակալություն են հայտնում Շվեյցարիային՝ Հայոց ցեղսպանության ճանաչման և ժխտողական քաղաքականության կանխարգելման համար»,-նշված է նամակում:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը մեկնաբանելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Հունաստանը, Շվեցարիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Սլովենիան, Կիպրոսը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան: Բելգիայում և Շվեցարիայում ցեղասպանության փաստի ժխտման համար նախատեսված է քրեական պատիժ: ԱՄՆ-ի 50 նահանգներից 43-ը ճանաչել և դատապարտել է հայ ժողովրդի Ցեղասպանությունը:
Նախորդիվ`
Արամ Ա. Կաթողիկոսը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Փերինչեքի դատավճռից
Ասպարեզ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան