95 ուսանող արժանացավ «Beeline Scholarship» կրթաթոշակին
Հայաստանի պետական բուհերում վճարովի համակարգում սովորող 95 ուսանող առաջին անգամ արժանացել է «Beeline Scholarship» կրթաթոշակին: «Արմենտել» ընկերությունը 2014-ին կվճարի նրանց մեկ կիսամյակի վարձը:
«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ երբ կազմակերպությունը ստանում է շահույթ, պիտի կարողանա նաև որոշակի մաս կիսել հասարակության հետ:
«Լավագույն ներդրումը, որ միշտ փոխհատուցվում է, կրթության մեջ կատարվողն է: Այն երբեք անարդյունավետ չի կարող լինել, եթե իհարկե, ճիշտ է իրականացվում»,- ասաց նա:
«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նշեց, որ իրենք փորձել են ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ուսանողները նաև իրենց մասնագիտության մեջ հետագա քայլերի, փոփոխությունների, անելիքների մասին մտածեն:
«Պետք է հիշեք, որ դուք էլ պիտի ձեր հնարավորությունների սահմաններում ուրիշին աջակցեք, ձեր շրջապատը դարձնեք ավելի լուսավոր, ինչպես մենք ենք ասում՝ ընտրիր կյանքի պայծառ կողմը»,- հավելեց ընկերության տնօրենը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ կրթաթոշակի մրցույթին մասնակցել են բոլոր բուհերի ուսանողները:
«Կրթաթոշակների տրամադրման համար տեսել ենք, թե որքանով է ստեղծագործական մուտեցում ցուցաբերել ուսանողը, որքանով են նրա ներկայացրած առաջարկները արդիական»,- ասաց նա և հավելեց, որ կրթաթոշակ շահածների մեծ մասը` 30 տոկոսը, Երևանի պետական համալսարանից են, 12-ը՝ Տնտեսագիտական համալսարանից: Ստացողների 70 տոկոսը աղջիկներ են:
«Եղել են փայլուն ուսանողներ, լավագույն երեքը նաև այլ մրցանակներ կստանան: Եվս երկուսը, ում հավանել են ժյուրիի անդամները, կարժանանան մրցանակների: Առաջին, երկրորդ տեղերի մրցանակակիրները արվեստի և սոցհոգեբանության ոլորտից են: Նրանցից առաջինն առաջարկել է պատմամշակութային արժեքների պահպանման և ներկայացման ծրագիր, երկրորդը՝ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հասարակությանը ներգրավելու ծրագիր»,- ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում առաջին տեղը զբաղեցրած ԵՊՀ արվեստի պատմության և տեսության բաժնի ուսանող Նարեկ Հովհաննիսյանը նկատեց, որ ինքը ներկայացրել էր պատմամշակութային արժեքների պահպանման ու հանրայնացման մոդել: Նա ընդգծեց, որ այսօր շատ արժեքներ անուշադրության են մատնված, մի մասն էլ վնասվել են անփույթ վերանորոգումների ընթացքում:
Ասուլիսից հետո կայացավ կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ելույթում կարևորեց, որ այդ գումարն ուսանողներն իրենց սիրուն աչքերի համար չեն ստանում, այլ իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և հաղթողներին»,- ասաց նախարարը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսն էլ շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին և ուսանողներին:
«Ես լսել եմ և նաև տեսա, թե ինչ հսկայական աշխատանք է արվել, որպեսզի ստանաք կրթաթոշակները: Ապրեք: Ձեզ հիմա հոյակապ հնարավորություն է տրված, ձեր կրթաթոշակները ճանապարհ կբացեն դեպի համաշխարհային կրթություն, իսկ կրթությունն աշխարհը կբացի ձեզ համար»,- ասաց դեսպանը:
Միջոցառմանը կայացավ նաև կրթաթոշակին արժանացած ուսանողների միջև վիճակահանությունը, որի արդյունքում Աննա Թովմասյանը հնարավորություն ստացավ մեկնել Միացյալ Թագավորություն՝ ամառային դասընթացի մասնակցելու:
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2013-ի նոյեմբերի 25-ին և իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակորգում սովորող ուսանողներին: Ծրագրին մասնակցելու համար ուսանողները պետք է ներկայացնեին իրենց ոլորտի փոփոխություննների տեսլականը: Ծրագրին մասնակցել է ավելի քան 500 ուսանող:\
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան