Կաթնամթերքի գների բարձրացման մասին խոսք լինել չի կարող
Այս պահին կաթնամթերքի գների բարձրացման մասին խոսք լինել չի կարող: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Ղուկաս Բունիաթյանը` հավելելով, որ մեկ ամիս առաջ գների բարձրացման մասին բարձրաձայնել են, քանի որ միջազգային շուկայում նախատեսվում էր չոր կաթի, կարագի և հումքի այլ տեսակների գնաճ:
«Համաշխարհային շուկայում հումքի թանկացման մասին հիմա չի խոսվում, իսկ եթե գնաճ լինի, հավանաբար, կվերանայվեն հայկական կաթնամթերքի գները»,- ընդգծեց Ղ.Բունիաթյանը:
Անդրադառնալով կաթի մթերման ծավալներին, նա նշեց, որ կաթի արտադրության ծավալները խիստ տատանվում են տարվա տարբեր ամիսներին: Կաթի ամենաքիչ քանակությունը ստացվում է ձմռան ամիսներին:
«Երբ կովերի ծինը սկսվի, բնականաբար, կաթի քանակը կավելանա, իսկ դա նշանակում է, որ հումքի ավելացմանը զուգահեռ` կաթնամթերքի գների աճ տեղի չի ունենա»,- ասաց նա:
Սակայն Ղ. Բունիաթյանը բացառեց, որ կաթի ծավալների ավելացման դեպքում կաթնամթերքի գները կնվազեն: «Դա անհնարին է»:
Ինչ վերաբերում է կաթնամթերքի դրոշմակնքմանը, Ղ.Բունիաթյանը նշեց, որ դեռ չեն կարող ասել` այդ դեպքում գների բարձրացում կլինի, թե ոչ:
«Երբ կաթնամթերքի վրա դրոշմապիտակ լինի, դրանից հետո նոր կքննարկենք, կտեսնենք: Բայց ընդհանուր առմամբ` գների բարձացման մասին խոսակցություն այս պահին չկա»,- ասաց նա:
Ըստ նրա` իրենց համար դեռ պարզ չէ, թե հատկապես որ տեսակի կաթնամթերքը պետք է դրոշմակնքվի և ինչ ձևով: Օրինակ՝ հնարավոր է, որ կաթնաշոռի դրոշմապիտակը խոնավանա և վնասվի, իսկ այդ դեպքում խնդիրներ կառաջանան` հատկապես սպառողի մոտ:
Կաթնամթերք արտադրողների միությունը նախատեսում է հանդիպել Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան մասնագետների հետ, որպեսզի պարզաբանումներ ստանան, թե այդ դրոշմապիտակը ինչ տարբերակով պետք է լինի կաթնամթերքի վրա:
«Բացի այդ, մեծ քանակությամբ հետադարձ, ժամկետանց ապրանք ենք ստանում: Այդ դեպքում ի՞նչ պետք է անենք: Մեզ համար դեռ շատ բան անորոշ է»,- ասաց նա:
Կաթնամթերք արտադրողների միության նախագահը նշեց նաև, որ իրենք կողմ են կաթնամթերքի դրոշմակնքման մասին կառավարության որոշմանը. «Մենք կառավարության որոշմանը ինչպե՞ս կարող ենք դեմ լինել: Նման բան ո՞նց կլինի, եթե պետությունը որոշել է էդպես, ուրեմն էդպես է: Մենք կատարող մարմին ենք, օրենքը դա է` մենք էլ կատարում ենք: Հնարավոր լինի` կկատարենք, հնարավոր չլինի` չենք աշխատի»:
Հիշեցնենք, որ կառավարությունը հունվարի 23-ին հավանության էր արժանացրել օրենքի նախագիծ, որի համաձայն` պետք է դրոշմակնքվեն Հայաստանում արտադրված և ներմուծված բոլոր այն ապրանքները, որոնք փաթեթավորված են:
Նախորդող`
ՊԵԿ փոխնախագահը չի կարծում, որ ապրանքների դրոշմապիտակավորումից ապրանքները կթանկանան
Կաթնամթերք, ձեթ, սուրճ, կոսմետիկա` սպասվում է չհիմնավորված գնաճ
Արմեն Ալավերդյան. Պիտակավորումը ապրանքի գնի վրա որևէ ազդեցություն չի ունենում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները