Անիի նախկին ոստիկանապետի որդին հացադուլ է հայտարարել
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող, Անիի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը, երեկ հացադուլ է հայտարարել: Նա գտնվում է ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում: Իր այդ ծայրահեղ քայլով նա փորձում է ապացուցել, որ ինքը կապ չունի այդ սպանության հետ: Նրա պնդմամբ, մեղադրելով իրեն՝ փորձ է արվում թաքցնել իրական մարդասպանին:
Հ. Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը «Ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ իր պաշտպանյալն ուներ այդպիսի մտադրություն, վերջին օրերին ավելի հաստատ էր որոշել գնալ այդ քայլին, բայց մանրամասն խոստացել է պատասխանել ավելի ուշ, երբ իրեն կհաջողվի տեսակցել Հարությունի հետ: