«Ռոզա,գիտեմ, որ ինձ չես ուզում նայես, խնդրում եմ նկարս չպատռես»
Երբ 60-ականների ռետրո ոճը բացահատելու համար ֆոտոալբոմներ էի թերթում, ընկերներիցս մեկի տանը շատ հուզիչ մակագրությամբ լուսանկար գտա:
(«Լյովիկ, Սաշիկ և Սոնիկ, պահեք այս նկարը մաքուր և սրտով մինչև վերջը: Նկարվեցի գործի տեղը`
ռաբոչի ֆորմով (աշխատանքային համազգեստով) :
P.S Ռոզա, գիտեմ չես ուզում ինձ նայես, բայց խնդրում եմ չպատռես իմ նկարը»)
«Պապս է: 60-ականների սկզբում բաժանվել է տատիկիցս, թողել 3 երեխաներին խեղճի հույսին, իսկ ինքը գնացել Ռուսաստան: Կապը պահպանել են հետագայում լոկ հատուկենտ նամակագրությամբ ու իրար ուղարկած լուսանկարներով: Տատս երբեք իր անձնական նկարներից չի ուղարկել. միայն երեխաներինը...Ասում էր նամակներում էլ իր մասին ոչինչ չի պատմել: Զարմանալի, հպարտ ու սուրբ կին էր տատս: 20 տարեկանում մնալով միայնակ 3 երեխայի հետ՝ չկոտրվեց, մերժեց ամուսնանալու բոլոր առաջարկները. պահեց երեխաներին, սովորեց, ավարտեց, աշխատեց, հաջողության հասավ աշխատանքում (Լամպերի գործարանի հաշվապահն էր) ու երբեք-երբեք անգամ մտքում չդավաճանեց պապուս: Մինչև կյանքի վերջ այս լուսանկարը նրա նոթատետրի մեջ էր՝ հեռախոսահամարների, դեղերի անունների ու հազար ու մի համեղ ուտելիքների բաղադրատոմսերի արանքում: Երբեմն հանում ցույց էր տալիս, ասում՝ «տես ինչ սիրուն պապի ես ունեցել, լուսանկարն իբր երեխաներին է ուղարկել, բայց ուզել է, որ ես տեսնեմ, կարոտեմ»: Երբ ասում էի՝ տատի~, դու ավելիին էիր արժանի, նեղսրտում էր...Մի անգամ՝ իր գնալուց 37 տարի անց, պապս հայտնվեց: Ռոզա տատին ասեց՝ կամ ես, կամ Վանիկը: Ամեն դեպքում հայրս ինձ քրոջս, եղբորս, հորաքրոջս երեխաներին տարավ նրա հետ հանդիպման: Ծեր, օտար հարուստ մարդ էր: Եկանք` տատս սկսեց հարց ու փորձը.
-Հն, ասա, տեսա՞ր, սիրեցի՞ր պապուդ:
-Լավ էլի տատի, ոնց-որ Ալամեզոնը լիներ...
Տատի, տատի, տատի ջան. 2 օր հետս չխոսեց. հետո էլ ասեց՝ «էն ժամանակ սիրուն էր. համ էլ չմեռնեմ, տեսնեմ ում ես առնելու»: Չմեռնեիր էլի...Ի դեպ՝ նրա մահանալուց հետո պահարանում՝ խնամքով թաքցրած մի տուփ գտանք՝ մեջը պապուս ուղղված ու չուղարկված նամակներ...»,-հիշուղություններով կիսվեց ընկերս:
Կոկորդումս մի բան քարացել էր. վերջը համարձակվեցի խոսել. «Կարո՞ղ եմ նկարը վերցնել ու տատիկիդ հավերժ սիրո պատմությունը պատմել»:
-Իհարկե, տատիկիս դա դուր կգար...նա սիրում էր պատմություններ պատմել պապուս, իրենց առաջին հանդիպման, առաջնեկի ծնվելու մասին: Խուսափում էր բաժանման արցունքոտ օրերը հիշելուց ու միշտ` բոլոր զրույցներում, փորձում էր գտնել մի կետ, մի հենարան, որ ապացուցեր մեզ ու իրեն, թե անկախ բաժանումից իր ամուսինը հոգու խորքում ու շատ ուժեղ սիրել ու սիրում է իրեն:
Հ.Գ.Ինչքան էլ ուժեղ լինեք, մի բաժանվեք սիրելիներից...
Թեհմինե Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները