ՀՀ նախագահը քաղաքաշինության նախարարությունում խորհրդակցության ժամանակ հանձնարարականներ է տվել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Քաղաքաշինության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով, աշխատակիցների հետ զրուցել իրականացվող աշխատանքների մասին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, մասնավորապես, քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչությունում Նախագահին ներկայացրել են կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգն ու դրա առավելությունները: Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության աշխատանքներին: Հանրապետության Նախագահն այցելել է նաև «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, որտեղ Նախագահին ներկայացրել են առցանց համակարգով պետական շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության գործընթացը և շինարարական մրցույթների կազմակերպման էլեկտրոնային համակարգը:
Շրջայցն ավարտելուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
Քաղաքաշինության նախարարը, նախարարի տեղակալները, Քաղաքաշինական պետական տեսչության պետը և աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների և զարգացման ծրագրերի մասին. ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը Նախագահին ներկայացրել է 2012-2013թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության գործունեության հիմնական արդյունքները, անդրադարձ կատարել առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին: Ներկայացված աշխատանքների հետ միասին նախարարն իր զեկույցում կարևորել է կառուցապատման թույլատվությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը միտված է նպաստելու կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և պարզեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ս. Թադևոսյանն առանձնացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է կարգավորել սոցիալապես անապահով խավերի բնակարանային խնդիրները: Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել:
Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն իր զեկույցում ներկայացրել է քաղաքաշինական ծրագրավորման և տարածական պլանավորման խնդիրները, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Նախարարի մեկ այլ տեղակալ Ալեքսան Կարապետյանը զեկուցել է հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման ընթացքի և հետագա աշխատանքների մասին: Քաղաքաշինական պետական տեսչության պետ Սևադա Հայրապետյանը զեկուցել է տեսչական ստուգումների արդյունքների և ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացման ընթացակարգի մասին:
Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վահան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքներն ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Քաղաքաշինության նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին:
Խորհրդակցության ավարտին Քաղաքաշինության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Ռուզան Ադամյանը, աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահան Խաչատրյանը, աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ Սոնյա Մաթևոսյանը, աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ Լևոն Քոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները