Կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտի արտահանումը Հայաստանից Չինաստան կավելացվի
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին` Ճոու Լիի գլխավորությամբ:
Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական կապերի զարգացումը և նշել, որ դրանց ընդլայնման համար առկա է մեծ ներուժ: Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է մեծապես ավելացնել Հայաստանից կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտային ապրանքների արտահանման ծավալները Չինաստան: Հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
«Դուք մեծ ջանքեր եք գործադրում հայ-չինական հարաբերությունների զարգացման համար և Չինաստանը դա բարձր է գնահատում: Հայաստանը մեր երկրի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»,- դիմելով վարչապետին՝ նշել է Ճոու Լին:
Տիգրան Սարգսյանը և Ճոու Լին կարևորել են նաև չինական ավիաընկերությունների ներգրավումը հայկական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ առումով, կողմերը անհրաժեշտ են համարել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ մեր երկրին ցուցաբերվող օժանդակության, մասնավորապես, Երևանի ավտոբուսների և շտապ օգնության ավտոպարկերը համալրելու, ինչպես նաև հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Այդ մասին չինական կողմը հայտարարել էր վարչապետ Սարգսյանի` նախորդ տարվա սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ: