Թուրք գրողը ներողություն է խնդրել հայերից
Թուրք գրող տկն Այշե Քուլինը ներողություն է խնդրել թուրքական հեռուստաեթերից հնչեցրած իր այն արտահայտության համար, որով վիրավորել էր նախորդ դարասկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին:
«Սի էն էն Թուրք» հեռուստաալիքի «Հակասական հարցեր» հաղորդման ժամանակ ասել էր հետևյալը. «Ցեղասպանություն չի եղել, դա տեղահանություն էր: Այնպես չէր, որ հայերը ոչինչ չէին արել, իսկ մենք նրանց կոտորեցինք, ինչպես գերմանացիները` հրեաներին»:
Այս արտահայտության համար Այշե Քուլինը արժանացավ խիստ ու տարբեր քննադատությունների: Նրա դեմ նույնիսկ ձեռնարկվեց ստորագրահավաք. արշավի նպատակը Քուլինի հեղինակած գրքերի ընթերցանությունը բոյկոտելն էր:
Թուրքիայում բնակվող հայ գրող տկն Կարին Քարաթաշը Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթում հանդես եկավ Քուլինին խստորեն դատապարտող հոդվածով: Քուլինն էլ հանդես է եկել պատասխան հրապարակումով և ներողություն խնդրել հայերին վիրավորող արտահայտության համար:
Թուրք գրողն ընդունել է, որ սխալ խոսք է հնչեցրել եթերից: Նա իրեն մեղադրել է խոսքի անհաջող շարադրանքի համար:
«Իմ նպատակը երբեք չի եղել ասել, թե հայերն արժանի էին կոտորվելու: Ես նման բան չէի ասի ու չէի մտածի: Այդ մասին գիտեն ինձ ճանաչողներն ու իմ ընթերցողները»,- ըստ «ինտերնետ հաբեր» լրատվականի` փորձել է պարզաբանում տալ Քուլինը` հավելելով, որ իրականում իր համեմատության իմաստը Հիտլերի կազմակերպած ջարդերի ու Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահածի միջև տարբերություն դնելն էր:
Ըստ նրա` հայերն ու թուրքերը պատերազմի մեջ էին և սպանում էին իրար: Քուլինը դարձյալ հրաժարվել է ցեղասպանություն անվանել 1915-ին տեղի ունեցածը և նշել, որ իր ընկալմամբ դա եղել է զուտ կոտորած: Միևնույն ժամանակ նշել է, որ ամոթ ու ցավ է ապրում այն մասով, որ մասով թուրքերը մեղավորություն ունեն:
«Սխալ հասկացված նախադասությանս համար բոլորից, Թուրքիայում բնակվող հայերից ներողություն եմ խնդրում ի սրտե»,- եզրափակել է թուրք գրողը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում