Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին
Երևանի բնակարաններից մեկում ապրող ութ անձից բաղկացած ընտանիքը մյուս հարևաններից տարբերվում է: Բացի արևմտահայերեն խոսքից, պատուհանից երևանցի հարևանների համար ոչ սովորական ճաշերի հոտեր են գալիս, հալեպյան համեմունքների բույրը միանգամից տարածվում է: Տունը փոքրիկ Հալեպ է հիշեցնում:
Անի Արթինյան-Գավաֆյանը Հալեպում թողել էր իր մի մասն ու եկել Հայաստան մեկ ու կես տարի առաջ: Երկու զավակների հետ էր, երբեմնի շքեղ ու գեղեցիկ քաղաքում թողել էր սեփական տունը, ամուսնուն և փոքր զավակին:
Մեկ ամիս անց պատերազմի ճանկերում մնաց միայն տունը: Փակվեցին դռներն ու կնոջ ամուսինը զավակի հետ Երևանում միացավ ընտանիքին: Վերջին անգամ տունը տեսել են այդ օրը: Նոր գյուղում ռումբեր շատ են պայթել. կանգուն է, արդյո՞ք, տունը, ոչ ոք չգիտի:
«Եկա, բայց ամեն օր այնտեղ ենք մտքերով, մինչև այսօր էլ այնտեղ ենք: Երկու քույրս ու եղբայրս Սիրիայում են, նեղության մեջ: Տունս չգիտեմ ինչ վիճակում է, այնտեղ ապրող չկա, լուր չունեմ: Մեր քրտինքով տուն ստեղծեցինք, թողեցինք եկանք… Չգիտեմ, դժվար է»,- ասում է Անին:
Սիրիահայ կինն ամենից շատ իր մահճակալն է կարոտում, հուշերը:
«Այստեղ հանգիստ է, ապահով է: Օգնություն ենք ստանում, այդ առումով շատ լավ է: Վարձով ենք ապրում: Անհնար է ապրել այստեղ, եթե աշխատանք չունես: Այնտեղ ամեն շաբաթ իմ ախատավարձն ունեի, չէինք մտածում՝ ի՞նչ պիտի ուտենք, ի՞նչ պիտի հագնենք: Սկսեցի աշխատանք փնտրել: Մի քիչ դժվարություններ ենք քաշում»,- պատմում է նա:
Սկզբում Անին Վերնիսաժում է որոշում վաճառել իր ձեռագործ աշխատանքները, որոշ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո թողնում է. «Շաբաթ, կիրակի օրերին սեղան էի վարձում: Հիմա նորից պիտի սկսեմ այնտեղ վաճառել»:
Ամուսինը պղնձագործ էր, սեփական խանութն ունեին: Էջմիածնի եկեղեցու մոտ նրա աշխատանքներից շատ էին վաճառում՝ ձեռքի խաչեր, ճարմանդներ, հպարտանում է կինը: Այստեղ հիմա եռակցող է աշխատում. «Ապրեցնում է մեզ, եթե չաշխատի, սոված ենք»:
Հալեպում Անի Արթինյան-Գավաֆյանն ուսուցչուհի էր: 12 տարի այդ գործով է զբաղվել, ձեռագործ էր ուսուցանում:
«Թավիշի վրա նկարում եմ, այրում, հետո ներկում: Հելյունի գործեր ունեմ, սփրոցներ, ուլունքներով հավաքած սրբապատկեր: Երկու շաբաթում սարքում եմ, սիրում եմ իմ գործը: Հագուստների վրա եմ աշխատում, այնտեղ հարսանիքների հանգուստներն էի ասեղնագործում: Հարսների օժիտը ես էի պատրաստում, գալիս ասում էին, աշխատում էի, սիրով էի անում»,- պատմում է Անին:
Մի տղան այստեղ աշխատում էր ժամանակին, մյուս տղան էլ սովորում էր. «Բայց չկարողացավ: Դուրս եկավ, կիսատ թողեց ուսումը, հիմա մատուցող է աշխատում: Փոքր տղաս էլ դպրոցում է սովորում: Հարմարվել են, բայց մեծ տղաս չի ցանկանում մնալ, ասում է՝ մամա, դուրս գնամ, աշխատեմ: Դե դժվար է առանց աշխատանք»:
Մենք ավելի լավ էինք գտել Հայաստանը Հալեպի մեջ՝ որպես հայ, ասում է նա. «Այստեղ Վերնիսաժում որ նոր էի գնացել, անընդհատ լաց էի լինում: Մեկը մյուսին չի սիրում: Ինչի՞ համար եք այդպես ապրում, մենք այնտեղ՝ արաբների մեջ իրար պահում էինք, դուք ինչի՞ համար, հայ լինելով, իրար չեք սիրում»:
Սիրիահայ կինը նաև լավ մարդկանց է հանդիպել, հարևանները շատ լավն են. «Նույնիսկ շոր չէի բերել, եկան, օգնեցին ամեն ինչով, ասացին՝ մենք ձեզ մեջք կլինենք: Շատ լավ մարդիկ էլ կան»:
Հայաստանն ընտանիքը շատ է սիրում, բայց մնալու մասին որոշում չեն կայացրել. «Ապրում ենք, աշխատում, բայց ապագան չգիտեմ ինչպիսին կլինի»:
Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`
Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը
Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան
Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին
Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին
Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը
Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան
Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար
Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին
«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը
Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք
Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում