Իսլամական անջատողականությունը սպառնում է Չինաստանի միասնականությանը
11 ահաբեկիչ է սպանվել Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում, երբ ոստիկանները հետ են մղել ահաբեկչական խմբի հարձակումը: Իրավապահները կրակել էին 8 ահաբեկչի վրա, ևս երեքը պայթել են իրենց ինքնաշեն ռումբերով:
Չինաստանի այդ ինքնավար շրջանում բավականին լուրջ են անջատողական տրամադրությունները և իսլամիստական խմբավորումները, որոնք էլ ահաբեկչական գործողություններ են իրականացնում Չինաստանի տարբեր քաղաքներում:
2013թ.-ի նոյեմբերին մայրաքաղաք Պեկինի Տյանանմին հրապարակում մեքենան կոտրելով արգելապատնեշները մխրճվել էր մարդկանց բազմության մեջ և այրվել: Միջադեպի հետևանքով զոհվել էր մեքենայի վարորդը և երկու ուղևորները, ինչպես նաև հրապարակում զբոսնող ֆիլիպինցի զբոսաշրջիկը և Գուանդուն շրջանի բնակիչը: Մեքենայի մարդկանց խմբի մեջ մխրճվելու հետևանքով ևս 40 մարդ ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ:
Չինաստանի իշխանությունները այդ գործողությունները որակեցին որպես ահաբեկչություն, որի հետևում կանգնած է ծայրահեղական «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքական-իրավական կոմիտեի քարտուղար Մեն Ցզենժուն հայտարարել էր, որ նախորոք ծրագրավորված այդ ահաբեկչությունը Պեկինում իրականացրել է «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը:
Տվյալ կազմակերպությունը, որի նպատակն է հասնել Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի անկախությանը և Չինաստանից անջատմանը, Պեկինի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Սինցզյանում ույգուրների և չինացիների միջև արյունալի բախումները հաճախակի են տեղի ունենում: 2013թ.-ի գարնանը Սինցզյանում տեղի բնակիչների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել էր 21 մարդ, որոնց թվում 15 ոստիկան և պաշտոնյա:
Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը կազմում է 21.813.334 մարդ: Բնակչության 45%-ը կազմում են իսլամ դավանող, թյուրքալեզու ույգուրները, իսկ 40%-ը՝չինացիներ են: Չինական իշխանությունները մեղադրում են ույգուրներին ազգայնականության և անջատողականության մեջ:
Ույգուրները իրենց հերթին հայտարարում են, որ իշխանությունները սահմանափակում են իրենք ինքնավարությունը և ոտնահարում իրավունքները:
Ույգուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Համաշխարհային ույգուրական կոնգրես կազմակերպությունը: Այն ձևավորվել է 1992թ.-ին Ստամբուլում, սակայն այնուհետև Չինաստանի ճնշման հետևանքով կազմակերպության շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունհեն: Այս պահին կազմակերպությունը գլխավորում է Ռաբիա Կադիրը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2006թ.-ին:
Հեղինակ` Արտյոմ Բալասանով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները