ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը նախօրեին մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին: Արցախի խորհրդարանի նախագահը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք է ժամանել ԵԱԴ քաղաքական ղեկավարության հրավերով:
ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունւց տեղեկացնում են, որ լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, ԼՂՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում:
Նախատեսվում են Ա. Ղուլյանի հանդիպումները Եվրոպայի ազատ դաշինքի նախագահության /բյուրոյի/ անդամների հետ, ինչպես նաև ԵԱԴ կազմի մեջ մտնող մի շարք եվրոպական կուսակցությունների ղեկավարների հետ:
Եվրոպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցություններին։ Դաշինքը ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքը առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ։
Եվրոպական ազատ դաշինքի կազմում են մոտ 40 ազգային, տարածաշրջանային և ինքնավար կուսակցություններ Եվրամիության ավելի քան 17 երկրներից, որոնք ներկայացնում են պետականություն չունեցող ժողովուրդներին, Եվրոպայի ավանդական փոքրամասնություններն ու տարածաշրջանները։ Այդ երկրների շարքում են Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և այլն։ ԵԱԴ–ն ներկայացված է Եվրախորհրդարանում՝ 7 անդամներով, որոնք մաս են կազմում Եվրախորդարանի թվով չորրորդ քաղաքական միավորի՝ Կանաչների խմբակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում