ՀՀ նախագահ. Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից
«Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է»,- Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարում ունեցած ելույթում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո՛չ կարողություն և ո՛չ էլ հնարավորություն:
«Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի: Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ. պարբերաբար թեժացնել իրավիճակը և բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը: Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը և որի շուրջը փորձում են ձևավորել նրա այսպես կոչված «ազգային գաղափարախոսությունը»:
Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ: Սա մեզ համար դժվար հասկանալի իրողություն է, որովհետև «հայրենասիրություն» ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան:
Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար և փետրվար ամիսները գերծանրաբեռնված են «սև» օրերով: Թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, բայց նրանք դրա համար մեղադրում են հայերին և աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց:
Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողության փորձը, որ անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին էր: Հունվարի 20-ի մասին ես միայն մի բան կասեմ. Ադրբեջանի իշխանություններին դեռևս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի 20-ի դասերը: Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի, իսկ մեղքն ուրիշների վրա բարդելը երկար կյանք չի ունենում սովորաբար: Բաքվի հայերի ջարդերի գագաթնակետը Բաքվի հայկական եկեղեցու հրկիզումն էր ամբոխի կողմից: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ խորհրդային զորքը Բաքու չէր մտել: Սա է իրականությունը, և բաքվեցիներն այդ մասին շատ լավ գիտեն:
Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման և փոխհասկացողության հնարավորությունները: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի պարզ մարդիկ կարողանան գոնե լիասիրտ բարևել միմյանց: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ լինեն միմյանց ներելու, միմյանց ձեռք սեղմելու, պատրաստ լինեն խաղաղության: Ես սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար:
Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից: Որովհետև մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող և մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ և աշխարհի հետ հարաբերվելիս»: