ՀՀ նախագահ. Բարեփոխումները կոչված են մարդուն սեփական երկրին ամուր կապելուն
«Պետությունն այսօր նախաձեռնել ու իրականացնում է մեր երկրի ու հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումներ: Դրանք կոչված են էականորեն կրճատելու մեզ բաժին ընկած ռազմավարական անորոշությունները»,- Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարում ունեցած ելույթում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն այս առումով կարևորագույն նշանակություն ունեն. «Դրանք ուղղված են հենց նոր սերնդի բարեկեցությանը: Եվ հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին: Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ՝ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար և ապագան այստեղ` հայրենակիցների կողքին կառուցելու հաստատակամություն»:
«Երիտասարդ սերնդի հավատի, վստահության ու հաստատակամության պաշարը հարստացնելու գործում մեր սերնդի դերն անգնահատելի է: Սերունդների համերաշխությամբ ու փոխգործակցությամբ է հնարավոր միայն իրականացնել երկրի համար ճակատագրական այս բարեփոխումները: Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել մեզ լավ ծանոթ մարտահրավերները, հաղթել մեր կողքին, մեզ հետ, երբեմն մեր մտքում ու հոգում ծվարած թշնամուն»,-հավելեց նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ պետությունը պիտի օգնի նրանց, ովքեր իրենք իրենց օգնել չեն կարող: Պիտի օգնի ու հնարավորություն տա օգնել: Պիտի օգնի երիտասարդին՝ տարիներ անց օգնություն հասցնել ինքն իրեն: Պետությունը պիտի, եթե կուզեք, մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» տրամադրի յուրաքանչյուրին՝ տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը, որ պիտի կայացնենք այսօր: