Սուրբ Սարգիս. Տոնական միջոցառումներ՝ ողջ օրվա ընթացքում
Այսօր Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:
Ամենայն Հայոց Գարեգին II Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի երկրպագության կբերվի նաև 1693թ. Ս. Սարգսում Ավետիս երեց ի կողմից գրված Ավետարանը: Ժամը 10.30-ից Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 15-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Տոնի առիթով օրվա ընթացքում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ`
Ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում
Ժամը 13.00-ին Արարատյան Հայրապետական թեմը և Գեղագիտության Ազգային կենտրոնը երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնին կազմակերպում են պատանեկան տոնական ցուցահանդես:
Ցուցահանդես Նկարիչների միության տանը
Ժամը 13.40-ին Նկարիչների միության տանը կբացվի պրոֆեսիոնալ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես:
Ժամը 14.30-ին, խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝ հոգևորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ, այնուհետև՝ «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգ «Պողոսյան պարտեզներում»:
Բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է:
Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն:
Ս. Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս.
Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն, Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև սիրո մեջ: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Դրանցից մեկի համաձայն՝
Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Փետրվարի 15-ին խաչապտույտ կիրականացվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները