Արմինե Հովհաննիսյան. Բարությունը քո խիղճն է`գումարած քո հնարավորությունը
«Բարեգործությունը կապ չունի նյութականի հետ: Բարի գործ է նաև մեկ-մեկ ուղղակի նստել և զրուցել մարդու հետ»: Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես ասաց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ գործ ունենալով և անմիջապես շփվելով կարիքավոր ընտանիքների հետ մեր օրերում բարեգործության ամենագլխավոր դրսևորումներից մեկը համարում է աշխատատեղեր ստեղծելը:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի և Վանաձորի մասնաճյուղերում ունի 50 աշխատող և օգնում է 180 կարիքավոր երեխաների և ծերերի:
««Օրրանը» մանկատուն չէ: Հաճախ երեխաները խուսափում են մեզ մոտ այցելել` մտածելով, որ մենք իրենց հեռացնում ենք իրենց ծնողներից: Ինչքան էլ դժվար լինի ընտանիքի կացությունը, երեխան ուզում է ընտանիքում ապրել»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը:
Տիկին Հովհաննիսյանը նաև ավելացրեց, որ նրանց առաջնային խնդիրներից մեկը երեխաներին ճիշտ դաստիարակելու հարցն է, և որ նրանք չպետք է սովորեն, որ ինչ-որ մեկը պետք է միշտ իրենց օգնի, այլ պետք է վաստակեն իրենց աշխատանքով:
«Երեխաներն ունեն նաև իրենց պարտականությունն «Օրրանում»: Նախ իրենք են բարիանում, ընտանիքները սկսում են իրար օգնել և այդ վերաբերմունքը վարակիչ է դառնում»:
Կարևորելով կրթության հարցը Արմինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ բացի կրթությունից, երեխաները նաև արհեստ են սովորում, որի շնորհիվ էլ կարող են հետագայում իրենց հացը վաստակել:
Տիկին Հովհաննիսյանը ցավով նշեց, որ իրենց տեղերը սահմանափակ են և մեղքի զգացում է ունենում, երբ չեն կարողանում որևէ կերպ օգնել ինչ-որ մեկին:
«Բարությունը քո խիղճն է` գումարած քո հնարավորությունը»,-այսպես բնորոշեց Արմինե Հովհաննիսյանը բարությունը երկու բառով:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը