Բուդաղյանների պաշտպանը կփորձի արդարություն փնտրել Եվրոպական դատարանում (Տեսանյութ)
Գորիսի հայտնի միջադեպի գործով Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` իր բողոքների քննությունը կասեցնելու մասին:
Հիշեցնենք` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քննվում են մեկ վարույթում միավորված Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանի երեք դիմումները: Փաստաբանը բողոքարկում է գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու նախաքննական մարմնի որոշումները: Նշենք, որ առաջին երկու որոշումները կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով, որ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, իսկ Ավետիք Բուդաղյանի մասով որոշումը կայացվել է նրա մահվան հիմքով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Ալումյանը ներկայացրել է, որ իր բերած բողոքների քննության գործով դատական նիստերի ժամանակ ՊՆ քննչական ծառայության քննիչն իր որոշումների օրինականությունն ապացուցելու համար հրաժարվում էր գործի ամբողջական նյութերը տրամադրել դատարանին` պատճառաբանելով, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ դատավորն էլ դադարեցրել էր դրանց քննությունն այնքան ժամանակ, մինչև քննիչը կներկայացնի անհրաժեշտ բոլոր ապացույցները: Ալումյանի խոսքով, դատարանը ոչ մի կերպ չի պարտավորեցրել քննիչին ներկայացնել ամբողջական նյութերը:
«Դատարանն իր այդ որոշումը բացատրել էր նրանով, որ դրանք ներկայացնելու համար կա անհաղթահարելի ուժ: Փաստորեն քննիչի քմահաճույքը դատարանի համար անհաղթահարել ուժ է»,- նշեց փաստաբանը` ընդգծելով, որ բողոքարկելով քննիչի գործողությունները իրենք հույս են ունեցել վերականգնել արդարությունը, սակայն, փաստորեն, չի ստացվել:
Այսպիսի պայմաններում ինչ է պատրաստվում անել Բուդաղյանների պաշտպանը հարցին, Ալումյանը պատասխանեց, որ ներպետական դատական ատյաններում արդարության հասնել չի ստացվում, քանի որ կան հովանավորներ և Վճռաբեկ դատարան դիմելուց հետո, իրենք կփորձեն արդարություն փնտրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Նախորդող հրապարակում`
Գևորգ Կոստանյանը` Բուդաղյանի փաստաբանի կողմից վիճարկվող որոշումների մասին